«Կենդանի խաղալիքները»․ Հայաստանը` կենդանիների առևտրի կեղտոտ բիզնեսում (տեսանյութ)

Հայաստանում կենդանիների անվերահսկելի առք ու վաճառքը շարունակվում է անգամ առցանց վաճառքի կայքերում և սոց. հարթակներում։ Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ ռեզուս մակակ տեսակի կապիկների առցանց վաճառքի մասին։ «Makak rezus dzernasun dzag Gin@ kaxvats tariqic. 1000-2000$»,- ասված է հայտարարության մեջ։ 

Գուգո անունով օգտատերը հավանական հաճախորհի հետ հեռախոսային զրույցի ընթացքում նշեց, որ վաճառքն իրականացնում է տնից, այլ ոչ թե խանութից։ 

«էս քանի վախտը փոքր էլ եմ ունենալու․ մինչև 6 ամսականն արժե 2000 դոլար, դրանից հետո կամաց-կամաց թանկանում ա։ Ես դրսից եմ բերում ճիշտն ասած, համարյա Հնդկաստան էլի, էսի փոքր սորտն ա Պակիստանից»,- նշեց նա։ 

Փաստացի, անգամ այս մակարդակում ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ներգրավված է կենդանիների միջազգային առևտրի բիզնեսում։ Հնդկաստան, Պակիստան, Նեպալ, Բանգլադեշ և այլ նման կարգի երկրներում տարածված ռեզուս մակակ տեսակի կապիկները շատ հաճախ վայրի բնությունից հայտնվում են անազատության մեջ և վերածվում շահույթ ստանալու միջոցի։ Նման երկրներում, որտեղ կենդանիների բարեկեցությունը, առքն ու վաճառքը պատշաճ չի կարգավորվում, կենդանիների առևտրով զբաղվող մարդիկ ռեզուս մակակ տեսակի կապիկներին դարձնում են վաճառքի առարկա, արտահանում տարբեր երկրներ, որտեղ նրանք հայտնվում են մարդկանց տներում՝ դառնալով խաղալիք, կրկեսներում, պահվում են անազատ պայմաններում տարբեր էկզոտարիումներում, դառնում են զվարճանքի միջոց, կամ էլ օգտագործվում են փորձարկումների նպատակով։ 

Պարզվում է նաև, որ այս երկրներից կապիկները հաճախ բերվում են նաև Հայաստան, որտեղ էլ օգտագործվում են հիմնականում որպես զվարճանքի միջոց։ Ըստ էության, ՀՀ-ը ևս ներգրավված է կենդանիների միջազգային առևտրում և դասվում է վերոնշյալ երկրների շարքին։ Կենդանիների միջազգային առևտրում ներգրավված լինելու և կենդանիների տեխափոխման տարանցիկ երկրի հանդիսանալու դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։ 

Բայց․․․ հարց է առաջանում․ արդյո՞ք ՀՀ-ը որդեգրել է կենդանիների նկատմամբ վերաբերմունքի այդ ուղին, թե ստեղծված իրավիճակից օգտվում են ընդամենը մի քանի անհատներ, որոնք առաջ են տանում իրենց բիզնես նպատակները։ Ինչպես բազմիցս ահազանգել ենք՝ ՀՀ-ում կենդանիների ոլորտը կարգավորող իրավական նորմերը թերի են, իսկ անազատ պայմաններում պահվող կենդանիներինի դեպքում՝ գոյություն չունեն։ Այս մեծ բացթողումից օգտվում են Հայաստանում կենդանիների առևտրով զբաղվող մի քանի անձինք և կազմակերպություններ, որոնք Հայաստանի համար միջազգային ասպարեզում ձևավորում են վատ համբավ։ 

Սակայն, ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում մի քանի հասարակական կազմակերպությունների, կենդանիների բարեկեցության ապահովման ջատագովների շնորհիվ աշխատանքներ են տարվում ոլորտի բարելավման՝ պատշաճ և խիստ իրավական նորմերի ձևավորման ուղղությամբ։ 

Շարունակելով զրույցը հավանական հաճախորհի հետ Գուգո անունով վաճառականը նշեց․ «Պահելը շատ հեշտ ա, մեծ բան չի պահանջվում՝ ուխոդ, շատ հեշտ պահվող կենդանի ա, շատերն են պահում ոչ մի խնդիր հլը չկա, չի առաջացել։ Հա, կարելի ա համ վանդակի մեջ, համ տանը բաց թողած, ոչ մի խնդիր։ Ունեմ նաև մի քիչ մեծոտը՝ ասենք մոտավորապես 2-3 տարեկան, դրանք արդեն 1000 դոլարի կարգի են։ Իրանք մարդուն սովորում են։ Հա մի հատ գազազության դեմ, մի հատ տուբերկուլյոզի դեմ պատվաստում րվում ա էլի․․․ որ հիվանդանում ա մարդու պես ա ինքը»։ 

Վերջինս՝ նշելով, որ խնամքը հեշտ է, միևնույն ժամանակ ասաց․ «Իրանք դաժը մինչև անգամ սիրահարվում են ու տենց իրանց տեր են ընդունում մինչև կյանքի վերջ։ Սա պետք է հասկանանք ինչ, ոնց, որ վաղը մյուս օրը խնդիր չառաջանա։ Ինքը կարող ա խանդել, ինչքը միշտ ուզելու ա, որ իրան ավելի շատ սիրեք, քան երեխուն»։ 

Վաճառական Գուգոն ինչ–որ իմաստով ճիշտ է և սեփական ընկալման տեսանկյունից փորձում է նկարագրել ռեզուս մակակ տեսակի կապիկների վարքային որոշ առանձնահատկություններ։ Այս տեսակի կապիկները հաճախ դրսևորում են ագրեսիվ վարք, ինչը դիտարկվել է Հնդկաստանում, հատկապես՝ անազատ պայմաններում, երբ կենդանին բանտարկված է կամ մարդու համար ծառայում է որպես զվարճանքի միջոց, նրա վարքի ագրեսիվ դրսևորումները կարող են սրվել։ 

2018թ․-ին անգամ ողբերգական դեպք է գրանցվել Հնդկաստանում․ BBC-ն հայտնել է, որ Հնդկաստանի գյուղերից մեկում կապիկը գողացել է մանկահասակ երեխայի, որի դին ավելի ուշ գտել են հարակից ջրհորներից մեկում։ Մայրն ականատես է եղել երեխային տանելու պահին, սակայն չի կարողացել օգնել նրան։ Ինչպես նշում է աղբյուրը՝ թեպետ ռեզուս մակակ տեսակի կապիկները սննդի փնտրտուքի պատճառով հաճախ են մտնում մարդկանց տները, բայց այս դեպքն իսկապես արտասովոր է։ 

2014թ․-ին Frontiers հարթակում հրապարակվել է 7 գիտնականների կողմից կատարված ուսումնասիրության մասին հոդված /Depressive-like behavioral profiles in captive-bred single- and socially-housed rhesus and cynomolgus macaques: a species comparison/, որն անդրադառնում է դեպրեսիայի հակվածության տեսանկյունից մակակների հակվածության աստիճանին։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել՝ թե՛ միայնակ պահվող, թե՛ որոշակիորեն սոցիալականացված ռեզուս մակակների մոտ հայտնաբերվել է դեպրեսիայի հակվածության բնութագիչներ։ Ուսումնասիրության արդյունքներով ասվում է, որ ռեզուս մակակ տեսակի կապիկներն ավելի խոցելի են դեպրեսիայի զարգացման տեսանկյունից և կարող են դրսևորել, օրինակ՝ հուսահատությանը բնորոշ վարք։ 

Ստացվում է, որ անազատ պայմաններում գտնվող ռեզուս մակակ տեսակի կապիկների մոտ հավանական է, որ կառաջանան հոգեբանական և վարքային խնդիրներ։ Հայաստանում կամ աշխարհի այլ ծայրում գնելով այս տեսակի կապիկներ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ գնորդը նպաստում է վերոնշյալ երկրներում՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Պակիստան, կենդանիների առևտրի աճին, ինչպես նաև՝ կենդանին դատապարտվում է անխուսափելի հոգեբանական տանջանքների, քանի որ կտրվում է իր բնական կենսամիջավայրից և սոցիումից։ Այն դեպքում, երբ կենդանին ձեռք է բերվում բուծարանից, ապա պետք է հիշել նաև, որ նման բուծարանները սովորաբար սարսափ են այնտեղ գտնվող կենդանիների համար։ 

Այս պարագայում, անհրաժեշտ է գիտակցել և հիշել, որ միայն «կենդանի խաղալիք» ունենալու քմահաճույքից դրդված պետք չէ կենդանուն դատապարտել նման անմարդկային տանջանքների։ 

Ընդգծենք նաև, որ ռեզուս մակակ տեսակի կապիկը, ինչպես մակակների շատ տեսակներ, հանդիսանում են հերպես B վիրուսի կրողներ և փոխանցողներ։ Վիրուսի այս տեսակը չի վնասում կապիկներին, բայց կարող է շատ մեծ վնաս հասցնել մարդուն՝ անգամ մինչև մահ։ Օրինակ՝ 1997թ․-ին Yerkes պրիմատների ուսումնասիրության ազգային կենտրոնի հետազոտող Էլիզաբեթ Գրիֆինը մահացել է հենց այս վիրուսի պատճառով։ 

Centers for Disease Control and Prevention-ը զգուշացնում է, որ այս վիրուսով վարակվելու դեպքերը հազվադեպ են գրանցվում, սակայն այն կարող է լրջորեն վնասել ուղեղը կամ հանգեցնել մահվան, եթե ժամանակին բուժում չստանա։ Մարդիկ վարակվում են այս վիրուսով, եթե վիրուսը կրող կապիկը կծում է նրանց կամ մարդն առնչվում է կապիկի քթի, աչքի կամ բերանի հետ։ 

Հետևաբար ռեզուս մակակ կապիկի և մարդու շփումը, անազատ պայմաններում գտնվելը վտանգավոր և վնասակար է ոչ միայն կապիկի, այլև՝ մարդու համար։ 

Հիշեցնենք նաև, որ 2019թ․-ին ՀՀ տարածքով Ղազախստանի Հանրապետություն 30 հատ կապիկ վերաարտահանման թույլտվություն էր տրամադրվել Բնապահպանության նախարարության կողմից։ Այս դեպքը վկայում է, որ ՀՀ-ը հաճախ տրանզիտային երկիր է հանդիսանում կենդանիների առևտրով զբաղվող մարդկանց համար։ 

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը և կենդանիների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ և անհատներ կոչ են անում ՀՀ օրենսդիր կամ գործադիր մարմիններին ի վերջո մշակել իրավական նորմեր, որոնք կկարգավորեն դաշտը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ լինել խոհեմ և պատասխանատու, կենդանիներին չենթարկել տանջանքների հանուն սեփական ցանկությունների բավարարման։ 

Նշենք, որ նման վատ պայմաններում պահվող ռեզուս մակակ տեսակի կապիկի մասին ահազանգ է հնչել նաև օրեր առաջ։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում