Մեղրիում 2 կապիկ է «բերման ենթարկվել» (տեսանյութ)
Օրերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ռեզուս մակակ տեսակի կապիկի 2 ձագ է հայտնաբերվել, որոնք առգրավվել են տեղի ոստիկանության կողմից։ Ըստ մեր և այդ պահին ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների՝ կապիկները ՀՀ տարածք ներմուծվել են մաքսանենգ ճանապարհով, ինչի պատճառով էլ հայտնվել են ոստիկանական բաժանմունքում։
Մեր տեղեկությունը հաստատել են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ հայտնելով, որ կենդանիներն առգրավվել են ոստիկանության կողմից, քանի որ առկա է կասկած, որ դրանք ՀՀ տարածք ներմուծվել են մաքսանենգ ճանապարհով և առանց անհրաժեշտ թույլտվությունների։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ձեռք է բերել նաև տեսանյութ Մեղրիում հայտնաբերված կապիկներից։
Կապիկները, հավանաբար, հայտնաբերվել են մայիսի 27-ին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ այդ օրերին կապիկների ոստիկանությունում հայտնվելու կասկածը եղել է մեկը՝ ներմուծում ՀՀ տարածք ապօրինի եղանակով, սակայն օրեր անց Մեղրու ոստիկանության բաժնի օպեր. գծով տեղակալ, փոխգնդապետ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Մեղրիի տարածքում քաղաքացիներ են բերման ենթարկվել և մեքենայի մեջ կապիկներ են հատնաբերվել։ «Բերման ենթարկվածները Մեղրի քաղաքի բնակիչներ են, կասկածել ենք, որ գողացված են, բերել ենք։ Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն։ Մենք ընդամենը գողություն կատարելու կասկածով ենք բերել»,– մանրամասնեց նա։
Հետաքրքրական է, որ ամբողջ ՀՀ տարածքում բազմաթիվ անազատության մեջ պահվող վայրի և էկզոտիկ կենդանիներ կան, սակայն մինչ այժմ ոստիկանությունը ոչ մի քաղաքացու բերման չի ենթարկել գողության կասկածով։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին նաև, որ կապիկներն այժմ գտնվում են «Ջամբո» ռեստորանում։ Այս ռեստորանի, նրա սեփականատիրոջ և մի շարք այլ բացասական և կասկածելի հանգանամքների մասին ահազանգել ենք բազմիցս։ Հայտնել ենք նաև, որ 2020թ․–ի աշնանը ռեստորանում պահվող ռեզուս մակակ տեսակի Լիզիկ անունով կապիկն անկել է անհայտ վիրուսից և անհայտ պայմաններում։ Նույն ժամանակամիջոցում ռեստորանում անկել են նաև այլ կենդանիներ։ Արդեն այսօր՝ 2021թ․–ի մայիս ամսին, «Ջամբո» ռեստորան են տեղափոխվել 2 կապիկներ, որոնց թե ծագումնաբանությունը, թե առողջական, ֆիզիկական վիճակն անհայտ է։ Թե ինչն է եղել կապիկներին նշված ռեստորան տեղափոխելու շարժառիթն անհայտ է։ Ամեն դեպքում, հիմնվելով ռեստորանի նախկին փորձի վրա, կարելի է պնդել, որ կապիկների ճակատագիրը մշուշոտ է։
Բացի այդ, ռեզուս մակակները հանդիսանում են հերպես B վիրուսի կրողներ և փոխանցողներ։ Վիրուսը փոխանցվում է կապիկից մարդուն և կարող է սպանել։ Ուստի, դրանց գտնվելը հանրային սննդի օբյեկտի՝ ռեստորանի տարածքում վտանգավոր և վնասակար է ոչ միայն կապիկների, այլև՝ մարդկանց՝ անձնակազմի, հաճախորդների կամ այցելուների համար։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մեկ անգամ ահազանգում է, որ նպանատիպ դեպքերը, կենդանիների անվերահսկելի առևտուրը, մաքսանենգությունը, կենդանիների բարեկեցության տարրական պայմանների բացակայությունը և կենդանիների բիզնեսով զբաղվող որոշ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության միջազգային համբավը գլորում են դեպի անդունդը՝ տարեցտարի նվազեցնելով երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայաստանը հանդիսանում կենդանիների առևտրի համար տրանզիտային երկիր և թաթախված է կենդանիների առևտրի կեղտոտ բիզնեսում։
Ի դեպ, ՀՀ-ում նկատվել է ռեզուս մակակ տեսակի կապիկների թվաքանակի աճ։ Վերջերս ստացվել են մի քանի ահազանգեր կենդանիների պահման պայմանների և առուծախի մասին։ Ինչպես հայտնել ենք՝ կենդանիները, հավանաբար, Հնդկաստանից կամ Պակիստանից են և վայրի բնությունից գողացված, կամ նույն երկրներում գտնվող բուծարաններից, որոնք սարսափ են կենդանիների համար։ Ռեզուս մակակ կապիկները կարող են դրսևորել ագրեսիվ վարք, նրանք հակված են դեպրեսիաների և դառնալով մարդու խաղալիքը դատապարտվում են տանջանքների։