Բոնսայ. ՀՀ Բույսեր
Բոնսայ (ճապ.՝ 盆栽՝ բառացի «աճեցրած սկուտեղի վրա»), ծառեր աճեցնելու արվեստ: Մեծ ծառերը բոնսայի հետևանքով վերածվում են գաճաճ, բայց միևնույն ժամանակ իրենց գործառույթները լրիվ կատարող (ծաղկել, պտուղ տալ, բազմանալ) ծառերի: Բույսերի աճը և չափերը կարգավորվում են արմատային համակարգով. այստեղ ուղղաձիգ արմատները դարձնում են հարթ փնջաձև:
Այս արվեստին մոտ են կանգնած արբոմշակույթը, իկեբանան, աքվարիումների դիզայնը և հոնոնբոն: Չինաստանում գոյություն ունի «Պենցզին» անունով մի արվեստ, որը նույն բոնսայ արվեստն է:
Պատմություն
Բոնսայ արվեստը առաջացել է Չինաստանում և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X դդ.): Որմնանկարներում հայտնաբերվել է «պենցզյայ» պատկերը, որտեղ նկարված են բույսեր, որոնք բնությունից վերցվել և տեղափոխվել են ծաղկամանների մեջ:
«Բոնսայ» բառը առաջացել է չինարեն «պենցայ» բառից և նշանակում է «սկուտեղի մեջ աճեցրած»:
Չինական լեգենդներից մեկն ասում է, որ ոմն մի կայսր հրամայել է ստեղծել մի մանրակերտ կայսրություն իր ծառերով, քաղաքներով, լեռներով և գետերով: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել են մանրակերտ ծառերը:
Համարվում է, որ արվեստը Ճապոնիա է բերվել VI դարում բուդդիստ վանականների միջոցով: Աճեցվող բույսերը օգտագործում էին տան նիշաները զարդարելու համար, այդ իսկ պատճառով նրանց բարձրությունը չէր անցնում կես մետրից: Որոշ ժամանակ անց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բոնսայները սկսեցին կիրառել թեյախմության արարողակարգերի ժամանակ: Այդ ժամանակ արվեստը կոչվում էր հատի-նո-կի, որը բառացի թարգմանելիս լինում է՝ «ծառը անոթի մեջ»: XVIII դարից սկսած ճապոնացիները վերջնականապես բոնսայի տեխնիկան վերածում են արվեստի, և դրանից հետո ձավորվում են բոնսայի նոր ոճեր: Տոկուգավայի ժամանակաշրջանում տնամերձ այգիների դիզայնում նոր զարգացում տեղի ունեցավ. լեռնավարդի և թխկու աճեցումը դառնում է հարուստ մարդկանց ժամանցի մի մասը:
Այս արվեստը տարածում էին նաև բուդդիստները, ովքեր համարում էին, որ բոնսայ աճեցնող մարդիկ հավասարազոր էին դառնում Աստծուն, քանի որ նրանց պատկերացմամբ աշխարհը ուներ Բուդդայի այգու տեսքը, որտեղ վերջինս այգեպան էր:
Ներկայումս բոնսայի համար օգտագործվում են սովորական ծառեր, որոնք փոքր են դառնում շնորհիվ մշտական էտման և այլ մեթոդների շնորհիվ: Այս դեպքում արմատների, սահմանափակ չափերի թաղարների և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը համապատասխանում է իրական բնության մեջ եղած մեծ ծառի չափերին:
Պղնձե մետաղալարերը սկսեցին կիրառել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրանից առաջ օգտագործվում էին պարզապես սովորական լարեր:
Բոնսայի առաջին ցուցադրությունը կայացել է Տոկիոյում՝ 1914 թվականին:
Իսկ արդեն XXI դարում բոնսայի մասին գրված են ավելի քան 1200 գրքեր աշխարհի շուրջ 26 լեզուներով:
Տեղավորում
Մեծամասնությամբ բոնսայը սենյակային բույս չէ, այդ իսկ պատճառով դրանք պետք է տեղադրվեն դրսում՝ թարմ օդին: Երբեմն կարելի է տուն բերել ինտերիերը զարդարելու նպատակով:
Որոշ ծառեր ձմռանը հատուկ պաշտպանություն են պահանջում, և պետք է հաշվի առնել, թե տվյալ բոնսայը որքանով է հարմարեցված կլիմային: Եթե բույսն ունի քնի ժամանակահատված, ապա ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել այն, հատկապես լայնատերև բույսերինը: Բույսը ցրտից պաշտպանելու համար կարելի է տեղադրել լրացուցիչ տարայի մեջ կամ պատել հումուսի հաստ շերտով:
Կա տարածված կարծիք, ըստ որի բոնսայը կարող է տանը մնալ, եթե ապահովված լինի բավարար լուսավորությամբ: Թխկին կամ սոճին կարող են աճել և՛ դրսում, և՛ ներսում, սակայն նրանք ունեն քնի ռեժիմ: Շատ ծառեր սկզբից պետք է տանը աճեցնել, հետայդու տեղափոխել այգի: Ճապոնական սև սոճին և այլ ուրիշ տեսակներ համարվում են դրսի ծառեր, սակայն կարող են սենյակում էլ պահպանվել: Միայն պետք է ցուրտ սենյակում տեղավորել կամ էլ հատուկ սառնարաններում:
Համապատասխանող բույսեր
Բոնսայ ոճով բույսեր աճեցնելու համար համապատասխանում են միայն փոքր տերևներով և խիտ ճյուղերով տեսակները:
Բոնսայ ոճով աճեցնելու համար հիանալի համապատասխանում են հետևյալ բույսեր:
Պատվաստում
Պատվաստումը վեգետատիվ բազմացման եղանակներից մեկն է համարվում:
Ծառը բազմացնում են հիմնականում ցողունային կամ արմատային պատվաստմամբ: Պատվաստված բույսերը շատ հաճախ կարճ կյանք են ունենում, ուստի պետք է հատուկ խնամք տանել նրանց նկատմամբ: Պետք է հետևել օդի բարձր խոնավությանը և գրունտի ցածր խոնավությանը:
Լավագույն տարիքը մայր բույսի, որից կտրում են կանաչ շիվերը, տատանվում է հինգից մինչև տասը տարին:
Ամեն տեսակի բույսի համար կարևոր է ճիշտ ժամանակահատվածը ընտրել պատվաստելու համար: Օրինակ, ՌԴ-ի Եվրոպական մասի միջին լայնություններում լայնատերև ծառերի պատվաստման համար լավագույն ժամանակահատվածը համարվում է մայիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը: Իսկ փշատերև ծառերինը՝ կամ գարնանը՝ մինչև բողբոջների ուռելը, կամ էլ ամռանը՝ երբ ավարտվում է ակտիվ աճը:
Պատվաստման նպատակով կտրում են այն շիվերը, որոնք կանաչել են և դեռևս բավականին ճկուն են:
Հող, դրենաժ, անոթ
Որոշ սիրողներ օգտագործում են միայն անօրգանական հող, մյուսները՝ սովորական, երրորդները՝ հողը մշտապես հարստացնում են ռեագենտներով: Այս բոլոր մեթոդներն էլ համարվում են ընդունելի: Բոնսայի համար նախատեսված բոլոր հողերը պետք է լինեն թեթև ու հեշտությամբ կլանեն ջուրը: Հաճախ հողը նախապատրաստելիս ավելացնում են մանրախիճ, կերամիկական կղմինդր, ավազ, հրաբխային կավապեմզային խառնուրդ կամ էլ կոքս:
Բոլոր անոթները պետք է ունենան դրենաժային անցքեր, որպեսզի ավելորդ ջուրը կարողանա հեռանալ: Ամեն մի այդպիսի անցք պետք է ծածկված լինի կերամիկական կղմինդրով կամ պլաստիկի կտորներով՝ խուսափելու համար հողի թափվելուց: Բոնսայի համար կիրառում են ջնարակապատ կամ սովորական, գունավոր կամ միագույն կավե անոթներ: Առավել ֆորմալ կոմպոզիցիա ստանալու նպատակով ընտրում են սուրանկյուն անոթներ: Մշտադալար բույսերի համար՝ չջնարակապատված տարաներն են ցանկալի համարվում: Կարևոր է, որ անոթի գույնը համապատասխանի բույսի գույնին: Բրուտագործությունը չնայած որ տարածված է ողջ աշխարհում, սակայն չինացի և ճապոնացի վարպետների կողմից պատրաստված անոթներն են համարվում բոնսայի համար լավագույնները:
Տեղափոխում և արմատային համակարգի ձևավորում
Բնի և թագի ձևավորմանը զուգահեռ անհրաժեշտ է ձևավորել նաև արմատային համակարգը:
Սովորաբար տեղափոխումը կատարվում է երկու տարին մեկ անգամ գարնանը: Երիտասարդ բոնսայները առավել հաճախ են տեղափոխում՝ նոր արմատներից խուսափելու նկատառումներով: Տեղափոխումը անհրաժեշտ է նաև արմատների փտելու դեպքում: Բույսը հանում են ամանից, հեռացնում վնասված արմատները:
Տեղափոխման աշխատանքները սկսելուց առաջ բույսը մեկ-երկու օր չեն ջրում: Հետո հանում են անոթից, էտում ավելորդ արմատները: Որից հետո մետաղալարերով ամրացնում են անոթից ու հող ավելացնում: Նախօրոք անոթը լվանում են եռման ջրով:
Խնամք
Սեզոնային էտումը բոնսային նոր տեսք տալու գրավականներից մեկն է: Շատ հաճախ ճյուղերը դեֆորմացնելու նպատակով այն ոլորում են մետաղալարով:
Որպեսզի ծառին տան հին ծառի տեսք, այն միտումնավոր բնի շրջանում և հաստ ճյուղերին կտրվածքներ են անում: Հետո ծառը վերականգնվում է վերքի տեղը սպիանում է՝ թողնելով հնամյա ծառի տեսք: Սակայն այս մեթոդները շատ զգուշորեն պետք է կիրառել, քանզի հնարավոր է ծառը կտրվածք անելու ժամանակ վարակվի:
Բոնսայ ծառերի հողը պետք է հաճախակի հարստացնել պարարտանյութերով: Մշտապես պետք է հետևել բույսի աճին: Շատ արագ պետք է հեռացնել ավելորդ տերևներն ու ճյուղերը: