Պատենենի. ՀՀ Բույսեր
Պատենենի (լատ.՝ Coleus) պատկանում է շրթնածաղիկների ընտանիքին։ Հայրենիքը Հնդկաստանը և Ինդոնեզիան է (Ճավա կղզի)։
Կենսաբանական նկարագիր
Բազմամյա է, նման է վայրի վիճակում աճող եղինջին, այն տարբերությամբ, որ նրա տերևները գունեղ են, և բացի այդ, ձեռքով հպվելիս չի դաղում։
Ծագում
Պատենին առաջին անգամ Եվրոպայում երևացել է 1850 թվականներին, այդ բույսի առաջին սորտերը և ձևերը ստեղծել է գերմանացի օրիգինատոր Վալյեն։
Մշակում
Պատենիները ներկայուս մշակվում են՝ ջերմատներում, սենյակային պայմաններում և ծաղկային ձևավորումներում։ Բնակարանային պայմաններում մշակելու համար շատ հարմար է օգտագործել Ռենելտի պատենենու ձևերը (C.rehneltianus), որը բերվել է Ցեյլոն կղզուց 1914 թվականին։ Այդ տեսակի և դրա պարտեզային ձևերի շիվերը աճելով երկարում, կախվում են, տերևները փոքր են, շատ գունեղ, օգտագործվում են որպես ամպելային բույսեր։ Որպեսզի իր գունեղությունը չկորցնի, ձմեռ ժամանակ բույսը պետք է տեղավորել սենյակի ամենալուսավոր տեղում։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Կտրոնները սովորաբար վերցնում են ջերմատներում թաղարանների մեջ ձմեռող մայրակներից։
Ցաքսը կատարվում է փետրվարի սկզբներին 15-18° ջերմության պայմաններում։ Սերմերը ծլում են 10-12 օրվա ընթացքում։ Նախասածիլումը կատարում են արկղերում, որից հետո փոխադրում 7 սմ-անոց թաղարների մեջ։ Հետագայում իր հողագնդիկով տնկում են ծաղկանոցի նախատեսված տեղում, բույսը բույսից 15-20 սմ հեռավորության վրա։ Ջերմասեր և լուսասեր է։
Հողի նկատմամբ այքան էլ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում սննդանյութերով հարուստ, պարարտ հողում։ Բարձր արդյունք է տալիս ամառվա ընթացքում թարմ գոմաղբից պատրաստված կոյաջրով 2-3 անգամ պարարտացնելը։ Ջուրը տրվում է առատ, միայն պետք է աշխատել, որ տերևների վրա չթափվի, որովհետև փոշին նստելով թրջված տերևների վրա գույնը կխունացնի։ Այդ պատճառով, ջուրը պետք է տալ հողի երեսից, կամ ռետինե խողովակով, միայն գիշերները։
Կիրառություն
Ծաղկեգործության մեջ օգտագործվում են ծաղկեթմբերի և ղևանդների ձևավորումներում։ Այդ նպատակների համար ցանկալի է օգտագործել, միայն միամյաները, իսկ երկամյաները կամ բազմամյաները օգտագործվում են գեղեցիկ խմբավորումներում և որպես առանձնյակներ (սոլիտեր) գազոնի ֆոնի վրա։
Ծաղկային ձևավորումներում օգտագործվում է պատենենի Վերշաֆֆելտի տեսակը (C.verschafelti Lem.), որն ունի արնակարմիր թավշանման տերևներ, եզրագծած կանաչ շերտով։ Առանձին սորտերից օգտագործվում են՝ պատենենի Հեռոն (C.Hero), մուգ-մանուշակագույն տերևներով, Մարիա-Բոշեն (C.Marie Bocher), դեղին ոսկեգույն տերևներով, Յուլկեն (C.Juhlke), թավշանման կարմիր տերևներով ու ոսկեգույն եզրագծերով և այլն։