Կակտուսներ. ՀՀ Բույսեր
Կակտուսներ (լատ.՝ Cactaceae),երկշաքիլ բազմամյա բույսերի ընտանիք։ Թփեր են, լիաններ, հազվադեպ՝ ծառեր։
Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։
Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։ Հայտնի է մոտ 2000 տեսակ, տարածված հիմնականում Ամերիկայում, մոտ կեսը՝ Մեքսիկայում, 1 ցեղը՝ Աֆրիկայում, Մադագասկար կղզում։ Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։ Որոշ էպիֆիտ տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա)։
Որպես դեկորատիվ բույսեր պահվում են ջերմատներում և սենյակներում։
Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6—7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5—6, 8— 12 °C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատվաստմամբ (մայիս-օգոստոսին)։ Կակտուսները օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, վառելիք և այլն։ Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է։ Կակտուսները հիանալի հարմարվել են չորային կլիմային։ Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում` պաշտպանելով կենդանիներից։ Կակտուսների տեսակները բազմաթիվ են։ Կակտուսները լինում են ծառանման, թփանման, խոտանման։ Կան 1սմ բարձրությամբ ու մի քանի գրամ քաշով կակտուսներ և 25մ բարձրությամբ մի քանի տոննա կշռող կակտուսներ։ Կակտուսը իր հայրենիքում լայն կիրառում ունի։ Կակտուսը և իր պտուղները օգտագործում են կերակրի մեջ, կակտուսի բնափայտը օգտագործվում է տարբեր իրեր պատրաստելու համար։