Օձաբույս. ՀՀ Բույսեր

Օձաբույս (լատ.՝ Aspidistra), պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Ճապոնիան և Չինաստանն է։

Կենսաբանական նկարագիր
Կարծեք թե չոր օդը, փոշին, կիսաստվերը, անկանոն ջրելը, կամ ուժեղ տաքությունն ու ցուրտը այս բույսի վրա բոլորովին չեն ազդում։ Մշակության մեջ հատկապես հաճախ հանդիպում է A.elatior Blume տեսակը, որի տերևներից և տերևակոթուններից կազմված թուփը հասնում է 50-60 սմ բարձրության։ Երկար կոթուներով, կաշենման, էլիպսաձև տերևները աճում են ուղղակի կոճղարմատների վրա և պահպանվում են մի քանի տարի։ Ծաղիկները թագանման են, տգեղ, բաց կանաչավուն կամ գորշ դարչնագույն, մանուշակագույն սպիով, աճում են կոճղարմատի վրա անմիջապես հողի երեսին։ Օձաբույսն ունի նաև իր խայտաբղետ ձևը (A.fol.variegatis), որի տերևներն աչքի են ընկնում սպիտակ կամ ոսկեգույն գծերով։ Այդ գեղեցիկ, խայտաբղետ գույնը պահպանում է միայն լուսավոր տեղերում աճելիս։

Մշակում
Բազմացվում է թփի բաժանումով, գարնան վերջին։ Բաժանելիս պետք է աշխատել, որ տերևները կտրված կոճղարմատի հետ ունենան իրենց սեփական արմատները։ Ամռան ընթացքում խորհուրդ է տրվում բույսերը պահել ստվերում, առատորեն ջրելով և երբեմն սնուցելով գոմաղբահեղուկով։ Ձմռանը բույսը իրեն լավ է զգում 12-15° ջերմության, առատ լուսավորության պայմաններում։ Ջուրը տրվում է ըստ պահանջի։ Տարիքավոր բույսերի վերատնկումը կատարվում է երկու տարին մեկ, իսկ երիտասարդ բույսերինը՝ յուրաքանչյուր տարի, 3 մաս այգու հողից, 1 մաս տերևահողից կամ տորֆահողից, 1 մաս փտած գոմաղբից և 0,5 մաս ավազից պատրաստված հողախառնուրդում։

Տարածվածություն
Լայնորեն տարածված են թե՛ բնակարաններում և թե՛ ջերմոցներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում