Մոմաբաղեղ. ՀՀ Բույսեր
Մոմաբաղեղ (Հոյա) (լատ.՝ Hoya), պատկանում է թունաթափազգիների (Asclepiadaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հնդկաստանը և Չինաստանն է։
Կենսաբանական նկարագիր
Սենյակային, մագլցող բույսերից մեկն է։ Տերևները մսոտ են ու հաստ։ Աստղաձև, վարդագույն, բուրավետ ծաղիկները, որոնք հովանոցաձև դասավորված են ծաղկակոթունի վրա, չափազանց գեղեցիկ են և կարծես մոմից պատրաստված լինեն։ Պսակաթերթիկների վրա արտաթորվող մեղրանման հեղուկի կաթիլները ալմաստի նման փայլփլում են արևի ճառագայթների տակ։ Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է մոմաբաղեղը (H.carnosa R.Br.), որի երկարությունը հասնում է մոտավորապես 6 մ-ի։ Հաստ, ձվաձև կաշենման տերևները փայլուն են, կանաչադեղնավուն երանգով։ Փոքրիկ աստղաձև ծաղիկները սպիտակ են, վարդագույն կենտրոնով, արձակում են ուժեղ, դուրեկան բուրմունք։ Ծաղկաթափից հետո ծաղկակոթուները չպետք է հեռացնել, քանի որ հետագա տարիներին դրանց վրա բացվում են նոր ծաղիկներ։ Ցողունը բարակ և թույլ է, այդ պատճառով բույսը բարձրացնում և փռում են պատաճաղերի վրա։
Մշակում
Մոմաբաղեղը ամառվա ընթացքում պահվում է պատշգամբում, կիսաստվերի տակ։ Այս շրջանում պետք է ջրել առատ և բույսը հաճախակի ցողել գոլ ջրով։ Բարձր արդյունք է տալիս թռչնաղբի կամ գոմաղբի հեղուկով սնուցելը։ Ձմռանը խորհուրդ է տրվում թաղարները տեղավորել լույսին մոտ, 16-18° ջերմության պայմաններում ջրելով չափավոր և սակավ։ Գարնանը պետք է բույսերը վերատնկել, երիտասարդները տարին մեկ անգամ, իսկ տարիքավորները՝ 2-3 տարին մեկ։ Հողախառնուրդ պատրաստելու համար կարելի է վերցնել 3 մաս ճմահող կամ այգու հող, 1 մաս տերևահող, 1 մաս գոմաղբ և 1 մաս ավազ։ Բազմացվում է սերմերով և կտրոններով։ Արմատակալեցված կտրոնները սկզբնական շրջանում բավական դանդաղ են աճում։ Առատ ծաղկումը սկսում է 4-5 տարեկան հասակից։ Բնակարանային պայմաններում մշակվող մոմաբաղեղը կարող է ապրել տասնյակ տարիներ։