Ողկուզակ. ՀՀ Բույսեր
Ողկուզակ (լատ.՝ Dictamnus), խնդակ, խանթեփար, հացենյակ, դեղուկ, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։
Հայաստանում
Բուսաբանական նկարազարդումը «Deutschlands Flora in Abbildungen» գրքից, 1796
Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ Ողկուզակ կովկասյան (D. caucasicus)։
Տարածում
Տարածված է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտների մացառուտներում, լուսավոր անտառներում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 50-100 սմ է, վերին մասը՝ գանգուր մազիկներով պատված, ստորինը՝ մերկ։ Տերևները բարդ կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ խոշոր, վարդագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է ամռան առաջին կեսին։ Պտուղը 5 բլթականի տուփիկ է։
Նշանակություն
Դեղաբույս է, պարունակում է եթերայուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք։