Նվիկ. ՀՀ Բույսեր

Նվիկ (լատ.՝ Arum), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Արմատը պալարանման է կամ հորիզոնական գլանաձև։ Տերևները ծոցավոր են և կոթունավոր, նետաձև կամ աղեղնաձև։ Ծաղկակիր ցողունը մերկ է։ Ծաղկաբույլը պատյանով ծածկված կողր է, ծաղիկները՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հյութալի, կարմիր հատապտուղներով խիտ դասավորված պտղաբույլ է։

Քիմիական կազմ

Կոճղարմատում հայտնաբերված են անկայուն գրգռիչ նյութեր, սապոնիններ, ցիանածին գլիկոզիդներ, այդ թվում` արոնին, մինչև 70% օսլա, խեժ, յուղ, ալկալոիդներ և պիգմենտ:

Տարածում

Տարածված է Եվրոպայից մինչև Արևմտյան Չինաստան. Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կորսիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Սիցիլիայում, Թուրքիայում, Հարավսլավիայում, Ռուսաստանում, Կովկասում, Ուկրաինայում, Ալժիրում, Լիբիայում, Մարոկկոյում, Թունիսում, Կանարյան կղզիներում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Աֆղանստանում, Կիպրոսում, Իրանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Չինաստանում, Նեպալում, Պակիստանում: Տարածված է նաև Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը (700-2000 մ բարձրություններ)։ Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, ջրերի մոտ, նոսր անտառներում։

Արևմտյան Եվրոպայում ամենատարածված տեսակներից են՝ Նվիկ իտալական և Նվիկ բծավոր։ Ղրիմում աճում է՝ Նվիկ արեվելյան (A. orientale) և Նվիկ ժայռային (A. rupicola):

Չնայած նրան, որ նվիկը թունավար է, սիրելի կեր է համարվում վայրի խոզերի համար, այդ պատճառով այն երբեմն կոչվում է «խոզի շուշան»:

Կիրառում

Թարմ վիճակում բույսն ամբողջովին թունավոր է։ Որոշ տեսակների չորացրած պալարներն օգտագործվում են սննդի մեջ (պարունակում են մինչև 25 % օսլա)։ Կան և դեղաբույսեր, օգտագործում են երիկամաքարային, լյարդի հիվանդությունների, շնչուղիների, մարսող համակարգի բորբոքումների ժամանակ։

Նշանակություն

Նվիկն ունի բարձր սննդային արժեք։ Բնակչության լայն խավերի կողմից այն օգտագործվում է ավելուկի նման։ Արմատը եփելիս վերանում է նրա թունավոր հատկությունը, նրանից կարելի է ստանալ նուրբ օսլա, որը պիտանի է խոհարարական պրակտիկայում։ Բույսն ունի որոշակի դեկորատիվ նշանակություն։ Չինաստանում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, կաթվածահարության և ուղեղի մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում