Արծվամագիլ. ՀՀ Բույսեր
Արծվամագիլ, ջրընկալ, ջրահավաք, արծվակտուց (լատ.՝ Aquilegia), հրանունկազգիների (գորտնուկազգիների) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։ Հայտնի է արծվամագիլի 101(այլ տվյալներով՝ 75) տեսակ։
Մշակության մեջ հայտնի է մոտ 35 տեսակ:
Կենսաբանական նկարագիր
Բազմամյա խոտաբույսեր են, տերևները բարդ, եռակի փետրաբաժան են, խոր կտրտված, կապտականաչավուն։ Ցողունի բարձրությունը 30-60 սմ է։ Ծաղիկները միաթերթ են կամ բազմաթերթ, մեկական, խոշոր, բաժակաթերթերը 5-ն են՝ կապտավուն, հազվադեպ՝ վարդագույն, պսակաթերթիկները՝ սպիտակ նեկտարակիր - պսակաթերթերը՝ 5, ձագարաձև ձգված, որպես նեկտարակիր խթան։ Երբեմն խթաններ չկան։
Առէջները շատ են, վարսանդները՝ 12-15։
Պտուղը բազմատերևապտուղ է, կազմված է 5 պարկուկից։
Ծաղկում է հուլիսի երկրորդ կեսից։
Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ջրընկալ օլիմպիական (Aquilegia olympica)։
Հայրենիքը Կովկասն է, վայրի վիճակում հանդիպում է Հայաստանի հյուսիսային շրջաններում, վերին անտառային, ինչպես նաև Սպիտակի, Իջևանի մերձալպյան գոտիներում։
Տարածված է Լոռու և Տավուշի մարզերի մերձալպյան գոտիներում։
Քիմիական կազմ
Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։ Ծաղիկներն օգտագործվում են ծաղկեփնջերում և ծաղկային ձևավորումներում։
Նշանակություն
Ջրընկալն ունի նաև բուժիչ նշանակություն։ Վաղ ժամանակներից ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակալնդախտային՝ ցավազրկիչ միջոց։