Թանձրատերևուկ. ՀՀ Բույսեր

Թանձրատերևուկ (լատ.՝ Crassula), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է։

Կենսաբանական նկարագիր
Ունի շատ տեսակներ, որոնց թե՛ ցողունը և թե՛ տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը՝ հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները՝ փոքր, սպիտակ կամ վարդագույն։ Բազմանում են սերմերով, կտրոններով և տերևներով։ Սպիտակ կաթնագույն թանձրատերևուկը (Cr.laetea) ծաղկող է, բարձրությունը հասնում է 30 սմ-ի։ Ծաղկաբույլը հուրանավոր են, սպիտակ, բուրավետ ծաղիկներով։ Սենյակային պայմաններում 14-15° ջերմության պայմաններում ծաղկում է ամբողջ ձմռանը՝ մինչև գարուն։ Տերևները հակառակ ձվաձև են, սուր ծայրերով, հաստ են, մսալի, ներքին մասով կպած են միմյանց, եզրերի վրա նկատվում են սպիտակ, մանրիկ կետեր։ Գետնամամռաձև թանձրատերևուկը (Cr.Lycopodioides Lam.) աչքի է ընկնում ոչ բարձր, կանաչավուն, բարակ ցողուններով, որոնք ծածկված են կղմինդրաձև, քառաշարք դասավորված, թեփուկանման տերևիկներով։ Ծաղիկները փոքր են, սպիտակ-դեղնագույն։ Թփիկը հատուկ ձև չունի, աճում է ինչպես պատահի։ Բոլուզիի թանձրատերևուկը (Cr. Bolusii) նրբագեղ, փոքրիկ բույս է, որի ցողունների երկարությունը չի անցնում 10-15 սմ-ից։ Ծաղկում է նաև ձմռանը՝ սպիտակ, մանր ծաղիկներով։ Ցողունիկները ծածկված են սպիտակ մազմզուկներով։ Տերևները նշտարաձև են, հակադիր դասավորությամբ, բաց կանաչավուն են, ծածկված մուգ կանաչավուն բծերով, թարթիչանման մազմզուկներով։

Օգտագործում
Բնակարաներում օգտագործվում է որպես ամպելային (կախվող) բույս։

Մշակում
Թնձրատերևուկը լավ է աճում այնպիսի հողախառնուրդում, որը կազմված է 2 մաս այգու հողից, 1 մաս տերևահողից, 1 մաս հին, փտած գոմաղբից և 1 մաս ավազից։ Ամռանը պահանջում է չափավոր, իսկ ձմռանը՝ էլ ավելի պակաս ոռոգում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում