Բաղեղ սովորական. ՀՀ Բույսեր

Բաղեղ սովորական (լատ.՝ Hedera helix), շուրջ 60 ցեղ և 500 տեսակ ընդգրկող ընտանիքի՝ Հայաստանում տարածված միակ ներկայացուցիչն է։

Կենսաբանական նկարագիր
Բաղեղները մշտադալար լիանանման թփեր են, հերթադիր տերևադասավորությամբ։ Տերևները կաշվեկերպ են, պարզ, ամբողջական։ Ծաղիկները հավաքված են գնդաձև հովանոցներում, ողկույզներում կամ հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, կապտասև գույնով, մսալի պտղամսով։ Հայաստանում բնական տարածում ունեցող սովորական բաղեղը մշտադալար փաթաթվող բույս է, որը, սովորաբար կառչելով, բարձրանում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ բարձրության և հիմքի մասում ցողունի 8-10 սմ տրամագծի։ Համապատասխան հենարանի բացակայության դեպքում, փռվում է հողի մակերեսին և ստեղծում համատարած կանաչ ծածկոց։ Տերևները պոլիմորֆ են, երիտասարդ ճյուղերի վրա՝ խոշոր, ռոմբաձև, նշտարանման։

Տարածվածություն
Ունի տարածման բավական ընդարձակ արեալ՝ Կովկաս, Միջերկրածովափեր, Առաջավոր Ասիա, սակայն Հայաստանում աճում է սահմանափակ՝ հյուսիսարևելյան անտառային շրջանների ցածրադիր, համեմատաբար խոնավ աճելավայրերում՝ Դեբեդ, Հախում և Աղստև գետերի հովիտներում, մինչև 1000 մ բարձրություններում։ Հանդիպում է հաճախ հաճարենու, բոխու և ղաժու անտառային համակեցություններում։ Ի տարբերություն ծառաբույսերի ճնշող մեծամասնությանը, ծաղկում է աշնանը (սեպտեմբեր), պտուղները հասունանում են վաղ գարնանը (ապրիլ)։ Ծաղիկները հավաքված են ծաղկաբույլերում, պտուղները կլոր են, կապտաձև։ Ուշ աշնանային մեղրատու է։ Ջերմասեր է, խոնավասեր, բարձր ստվերատար։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր՝ տերևների գույնով և ձևով (խայտաբղետ), պտուղների գույնով և աճման բնույթով։ Որպես բարձր գեղազարդ՝ պիտանի է հատկապես ուղղաձիգ կանաչապատման համար։ Մշակության մեջ հայտնի է նաև կոլխիդյան բաղեղը (H.colchica C.Koch), որը Կովկասյան տարածաշրջանում աճող տեսակ է։

Տեսակներ
Հայտնի են բաղեղի մոտ 15 տեսակներ, որոնք տարածված են հարավարևելյան Ասիայի, Միջին Եվրոպայի լեռնային շրջաններում և Միջերկրածովափերին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում