Անթուրիում. ՀՀ Բույսեր
Անթուրիում (լատ.՝ Anthurium), պատկանում է նվիկազգիների (Araceae) ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր
Մշակության մեջ տարածված են այս ցեղի բազմաթիվ տեսակները, որոնք մշտադալար են, գեղեցիկ, երբեմն նախշավոր տերևներով ու վառ կարմիր ծաղկաթաղանթ կրող ծաղիկներով։
Մշակության մեջ հանդիպում են նաև երկարացողուն, կարճ ցողունավոր և փաթատվող այլատեսակներով։ Սրանցից ուշագրավ է A.Scherzerianum Schot-ը, որի տերևները երկարավուն նշտարաձև են, մի քիչ հաստացած երբեմն սև կետերով, հատկապես շատ են տերևի ներքևի երեսին։ Ճկուն ցողունների վրա նստած են ծաղկաբույլերը, որոնք բաղկացած են երկարավուն, պարուրաձև ոլորված, կարմիր-դեղնագույն կողերից և ետ ծալված վարդագույն, սպիտակ ծաղկաթաղանթից։ Հայրենիքը Գվատեմալան է։ Նախշավոր տերևներ ունեցողներից աչքի է ընկնում սպիտակաջիղ անթուրիումը (A.leuconeirum)։
Տերևները խոշոր են, սրտաձև նստած են երկար կոթունների վրա, ունեն մուգ կանաչ գույն, թավշանման են, կրում են սպիտակ ջղեր։ Այս բույսի հայրենիքը արևադարձային Ամերիկան է։ Ծաղկաբույլը ամբողջովին կանաչ է, աչքի է ընկնում, սակայն արձակում է անանասի հրաշալի բուրմունք։
Մշակում
Անթուրիումի մշակությունը համեմատաբար հեշտ է։ Բույսի արմատային սիստեմը շատ չի խորանում և, հետևաբար, կարելի է մշակել կարճ ու լայն կավաթասերի մեջ։ Տնկումը կատարվում է մեկ մաս թեթև ճմահողից, 2 մաս տորֆային կամ տերևային հողից, 1 մաս փշատերևահողից և մեկ մաս աղացած ճահճամուռից կազմված հողախառնուրդում։
Անթուրիումների վերատնկման ժամանակ պետք է պետք է աշխատել նախկինի համեմատությամբ մի քիչ ավելի խորը տնկել։ Այդ արվում է այն նպատակով, որպեսզի հողի երեսին աճած արմատները ծածկվեն հողով։ Ցողունավոր անթուրիումներն արձակում են օդային արմատներ, որոնք մի քանի սանտիմետր երկարելուց հետո դադարում են աճել։ Այդ նպատակով ցողունները անհրաժեշտ է փաթաթել ճահճամամուռով (Sphagnum palustre)։
Բույսն ընդհանրապես խոնավասեր է, սակայն չպետք է թողնել, որ արմանատակի մեջ ջուրը երկար մնա։ Բույսերը անհրաժեշտ է ջրել գոլ ջրով, որի ջերմությունը 25°-ից ցածր չպետ է լինի։ Տերևների փոշին պետք է հաճախակի մաքրել փետուրներից պատրաստված փոքրիկ վրձինով, բացի դրանից տարեկան մի քանի անգամ բույսը մաքուր լվանալ։ Անթուրիումները ամառ ժամանակ պահվում են կիսաստվերում։ Բնակարանում դրանք սովորաբար պահվում են պատուհաների գոգերում։
Ձմռանը բույսերը խորհուրդ է տրվում տեղափոխել բնակարանի հարավային կողմի պատուհանագոգեր՝ հետևելով որ սենյակի ջերմությունը 18-20° -ից չիջնի։ Պետք է ջրել սակավ։ Բազմացվում է թփերի բաժանումով, արմատածիլերով և սերմերով։ Ցողունավոր անթուրիումներն կտրոններով շատ հեշտ են բազմացվում։ Ցանքը կատարվում է ջերմատներում, փափուկ հողի մեջ 25° ջերմության պայմաններում։