Եղինջ. ՀՀ Բույսեր

Եղինջ (լատ.՝ Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ։

Աշխարհագրական տարածում

Տարածված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։

Կենսաբանակն նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող, 60-170 սմ երկարության բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս` շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, դրանով իսկ իրենց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթուն) լցնում այնտեղ, առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Մեր հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով` երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը։ Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Եղինջը բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակներով։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։

Քիմիական բաղադրությունը

Տերևներում հայտնաբերված են վիտամիններ` K, C (մինչև 269 մգ %), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին։

Բուժական նշանակություն

Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։ Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ։ Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ։ Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ։ 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք։

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին։ Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Հունդը անճիրա անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով։ Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները։ Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ։ Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում[1][2][3]։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից` կանաչ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում