Մորմ. ՀՀ Բույսեր
Մորմ (լատ.՝ Solanum), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի, երբեմն՝ փաթաթվող բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1700, Հայաստանում՝ 4 տեսակ՝
- մորմ քաղցրադառն (Solanum dulcamara),
- մորմ սև (Solanum nigrum),
- մորմ թևավոր (Solanum alatum)
- մորմ Վորոնովի (Solanum woronowii)։
Տարածում
Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է գետերի և առվակների ափերին, անտառներում, թփուտներում, այգիներում, բանջարանոցներում, ճամփեզրերին։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևներն ամբողջական են կամ կենտ-փետրաձև։ Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ կարմրավուն, սպիտակ, կապույտ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հյութալի կամ մսալի, երկբուն, բազմասերմ հատապտուղ է։
Նշանակություն և կիրառուոմ
Թունավոր է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ստերոիդներ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ճարպաթթուներ, եթերայուղեր, ածխաջրեր, օրգանական թթուներ։ Բժշկության մեջ կիրառվում է շնչառական օրգանների, մաշկավեներային, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, կատաղության և էպիլեպսիայի բուժման համար։ Որոշ տեսակներ միջատասպան են։ Մեղրատու է։ Աճեցնում են նաև որպես գեղազարդիչ բույս։