Խնկեղեգ. ՀՀ Բույսեր
Խնկեղեգ, ակիր (լատ.՝ Acoarm), նվիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Տերևները երկար են (մինչև 1 մ) նշտարաձև կամ թրաձև, կոճղարմատը հաստ է, սողացող։ Ծաղկաբույլը՝ դեղնականաչավուն կամ դեղին։ Պտուղը բազմասերմ հատապտուղ է։
Անվանում
«Ակոռուս» բառը հունական ծագում ունի հին հուն․՝ ἄκορος «Խնկեղեգ»: Պլինիոսը այն բացատրել է որպես հակաակնախտային, ելնելով այն բանից, որ դեղաբույսը հնում կիրառվել է աչքի հիվանդությունների դեպքում։ Իսկ «կալամուս» հունարեն նշանակում է եղեգ, ելնելով այն բանից, որ բույսը հաճախ աճում է եղեգնուտներում։ Հայերեն խնկեղեգ բառը կապվում է այն բանի հետ, որ անցյալում բույսից հայ եկեղեցականները պատրաստել են խունկ:
Կենսաբանական նկարագիր
Մինչև 70 սմ բարձրության, եռանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ունի հերթադիր, նշտարաձև կամ թրաձև, մինչև 1 մ երկարության տերևներ, ոլորուն, սողացող կոճղարմատ։ Ծաղիկները մանր են, երկսեռ, իսկ պտուղը բազմասերմ, կարմիր հատապտուղ է։ Բույսը ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, սակայն պտուղները երբեք չեն հասունանում։ Բույսը բազմանում է միայն վեգետատիվ ճանապարհով (կոճղարմատով):
Քիմիական կազմ
Կոճղարմատում և տերևներում պարունակվում են 1-3,5% եթերայուղ, դառը գլիկոզիդ` ակորին, դաբաղանյութեր, կուպր, խեժ, էքստրակտիվ նյութեր, մինչև 21% օսլա, կարոտին, C, E վիտամիններ, խոլին, ալկալոիդներից` կալամին, կալամենոլ, պալմիտինաթթու։
Տեսակներ
Հայտնի է երկու տեսակ, նախկին ԽՍՀՄ-ում և Հայաստանում՝ 1 տեսակ՝ սովորական խնկեղեգ (լատ.՝ Acoarm calamus), որն աճում է ճահիճների ու գետերի ափին, երբեմն առաջացնում է խիտ բուսուտներ։
Նշանակություն
Խնկեղեգի բուժիչ հատկությունները հայտնի են եղել միջնադարի հայ բժիշկներ Մխիթար Հերացուն և Ամիրդովլաթ Ամասիացուն։ Խնկեղեգը պարունակում է եթերային յուղեր, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, օսլա, խեժ և այլն։ Անցյալում հայ եկեղեցականները խնկեղեգից խունկ են պատրաստել։ Խնկեղեգից ստացված պատրաստուկները կիրառվում են որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող, ինչպես նաև օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Խնկեղեգն լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, պարֆյումերիայում։
Հայաստանում
Մեզ մոտ հանդիպում է միայն եղեգնային խնկեղեգը, որն աճում է կանգնած ջրերում, գետափերին, տղմոտ հողերում, ճահճուտներում` հաճախ տալով համատարած բուսուտներ։ Մեր հանրապետությունում խնկեղեգն աճում է միայն Էջմիածնի շրջանում, այն էլ սահմանափակ տարածքներում։ Ամբողջ բույսն ունի հաճելի բույր և դառը համ։ Մեկ բույսի կոճղարմատի տարեկան աճը չի անցնում 150 գրամից։ Մեր հանրապետությունում խնկեղեգն համարյա անհետացել է և աճում է միայն Էջմիածնի շրջանի Փարաքար և Արևշատ գյուղերում։