Գեղօրաշուշան. ՀՀ Բույսեր

Ոսկեղենիկ (գեղօրաշուշան), (լատ.՝ Hemerocallis) պատկանում է շուշանազգիների (Liliaceae) ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Չինաստանը, Ճապոնիան, Հեռավոր Արևելքը և Սիբիրն է։

Կենսաբանական նկարագիր

Բավական ցրտադիմացկուն է և ձմռանը մեր պայմաններում չի ցրտահարվում, իսկ ամռանը նույնիսկ ամենաուժեղ շոգերն էլ չեն ազդում նրա վրա։ Բազմամյա կոճղարմատավոր բույս է, ժապավենաձև փռված-լայնատարած տերևներով։ Տարբեր տեսակների և սորտերի բարձրությունը տատանվում է 0,5-1,0 մ-ի սահմաններում։ Ծաղիկները նման են շուշանի ծաղիկներին, լինում են դեղին, դեղնակիտրոնագույն, նարնջագույն և այլ երանգների։

Մշակում

Բազմացվում է հիմնականում թփի բաժանումով։ ՈՒռուցքանման կոճղարմատներով արագ տարածվելով առաջացնում է բուսուտներ, որտեղից կարելի է ցանկացած քանակությամբ բույսեր անջատել։ Նախնտրում է արևոտ հողամասեր, սակայն վատ չի աճում նաև կիսաստվերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Մեկ երկու տարին մեկ անգամ գոմաղբով պարատացնելու դեպքում, առանց տեղից փոխադրելու, բույսը կարող է ապրել ու աճել տասնյակ տարիներ։ Չափավոր ոռոգում է պահանջում, քանի որ խիտ տերևային զանգվածի շնորհիվ ստվերացնում է հողը և կասեցնում խոնավության գոլորշիացումը։ Մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Կտրած վիճակում ջրի մեջ շատ երկար է դիմանում, ընդ որում ծաղկակիր ցողունի վրա գտնվող բոլոր ծաղկակոները աստիճանաբար բացվում են։ Ծաղիկները գիշերը փակվում են, բացվելով միայն արևածագից 1-2 ժամ հետո։

Տարածվածություն

Ոսկեղենիկների մի շարք տեսակներ լայնորեն տարածված են մշակության մեջ։ Օրինակ, շիկակարմրավունը (H.fulva L.) ամենատարածված և դիմացկուն տեսակներից մեկն է։ Բրձրությունը հասնում է 1-մ-ի։ Ծաղիկները դարչնա-նարնջագույն են, ծաղկում է մայիսի երկրորդ կեսից։ Դեղին ոսկեղենիկից (H.flava L.) հայրենիքը Սիբիրն է։ Ծաղկում է մայիսի սկզբներից՝ դեղին-ոսկեգույն թեթև բուրմունք արձակող ծաղիկներով։ Բարձրությունը հասնում է 70-80 սմ-ի։ Միդենդորֆի ոսկեղենիկի (H.Midendorfu) բարձրությունը հասնում է 50-60 սմ-ի։ Սեզոնի ընթացքում ծաղկում է երկու անգամ՝ գարնան վերջին և աշնանը, դեղնաոսկեգույն, բուրավետ ծաղիկներով։ ՈՒշագրավ է նաև Նիլբիո ոսկեղենիկը (Nilbio) իր կիսաբազմաթերթ, գեղեցիկ նարնջագույն ծաղիկներով։

Օգտագործում

Օգտագործվում է ծաղկանոցներ դեկորատիվ ձևավորման համար։ Շատ գեղեցիկ է մարգախոտերի ֆոնի վրա խմբերով կամ մեկական տնկելիս, ջրավազանների եզրին, բարձր թփերի դիմաց և այլն։

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում