Ռեմոնտանտ մեխակներ. ՀՀ Բույսեր
Ռեմոնտանտ մեխակներ (անընդհատ ծաղկող) (լատ.՝ Dianthus caryophyllus), այս մեխակները վերջին տարիներին ջերմատնային պայմաններում աճեցվում են նաև Հայաստանում։
Մշակում
Այս մեխակը սովորաբար բազմացնում են կտրոններով, որի համար հարկավոր է պատրաստել հատուկ մայրակներ. չպետք է թողնել, որ դրանք ծաղկեն, երբ կտրոնները վերցնում են ծաղկող մայրակներից, դրանցից աճեցրած բույսերից ստացված ծաղիկների թե՛ քանակը, թե՛ որակը համեմատաբար ցածր է լինում։ Կտրոններ վերցնելու համար նախատեսված մայրակ բույսերի նոր կազմակերպվող կոկոններն անպայման պետք է հեռացնել։ Կտրոններ պատրաստելու համար ամենալավ ժամկետներն են հոկտեմբեր-նոյեմբեր և փետրվար-մարտ ամիսները։
Կտրոնները պետք է վերցնել 3-4 հանգույց ունեցող աճող շիվերից, որոնցից երկուսը պետք է լինեն լավ ձևավորված՝ կազմակերպված։ Ջերմատներում կտրոնները պետք է տնկել բազմացման արկղերում. կարելի է օգտագործել նաև սածիլման արկղեր՝ լցրած պեռլիտով, սպիտակ ավազով կամ եռացող ջրով մաքուր լվացված գետի ավազով, որոնց տակը նախօրոք պետք է լցնել 4 տոկոսանոց ֆորմալինի լուծույթով ախտահանված, 3-5 սմ հաստությամբ հողաշերտի խառնուրդ՝ բանջարանոցային և տորֆահող հավասար չափով։ Նշված հողաշերտը ախտահանելիս 1 մ տարածության համար պետք է օգտագործել 2,5-3 լիտր պատրաստի լուծույթ։
Ախտահանումից 20-25 օրից հետո հողը կարելի է օգտագործել։ Օգտագործվող պերլիտի կամ ավազի միջին ջերմաստիճանը պետք է պահպանել 18-20 °C աստիճանի սահմաններում, իսկ օդինը՝ 16-18 °C։ Այդ պայմաններում կտրոնները կարող են արմատակալել 3-6 շաբաթվա ընթացքում. առաջին առաջին տասնօրյակում դրանք մի փոքր ավելի խոնավ պետք է պահել, հետագայում խոնավությունն աստիճանաբար պակասեցնել։
Կենսաբանական նկարագիր
Մեխակի արմատային սիստեմը շատ թույլ է, այդ պատճառով տեղից-տեղ փոխադրելիս պետք է զգուշանալ, որպեսզի տնկման ժամանակ արմատները չվնասվեն, հակառակ դեպքում բույսերը կարող են չորանալ կամ դրանց նորմալ աճը երկար ժամանակ կանգ առնի։ Ծերատումն ընդհանրապես չպետք է ուշացնել, որովհետև բույսի դալար շիվերը կփայտանան և ծերատումն արդեն ցանկացած արդյունքը չի տա։ Խոշոր ծաղիկներ ստանալու նպատակով ծաղկակոթունի կողքերի վրա նոր կազմակերպվող կոկոններն անմիջապես պետք է կտրել՝ բջատել, թողնելով միայն ծայրերի կոկոնները։
Երևանի պայմաններում ջերմատներում աճեցվող մեխակների առատ ծաղկումը սկսվում է փետրվար կամ մարտ ամիսներից, իսկ մինչև այդ ծաղկումն ընթանում է դանդաղ։ Որպեսզի խոր աշնանը և ձմռանը շատ ծաղիկներ ստացվեն, հարկավոր է բույսերին լրացուցիչ լուսավորությաուն տալ, առավել ևս ամպամած եղանակներին։ Պարարտացնելիս պետք է աշխատել ազոտ պարունակող պարարտանյութը չափից շատ չտալ, որովհետև դրա պատճառով նոր ստացվող կոկոնների բաժակները ճեղքվում են։ Նույնպիսի անցանկալի ազդեցություն են թողնում նաև օպտիմալ ջերմաստիճանի (20) խախտումները։
Բույսերը ջրելիս չպետք է անմիջապես ծորակի ջուրը օգտագործել, որովհետև դա նույնպես բացասական ազդեցություն է թողնում բույսերի վրա։ Ջրի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հողի ջերմաստիճանը 1-2 °C աստիճանով բարձր լինի։ Պետք է ջրել առանց ցնցուղի։
Պաթոգեններ
Ծածկած գրունտի պայմաններում, միշտ ծաղկող մեխակները հաճախ հիվանդանում են տարբեր հիվանդություններով՝ ժանգով, ֆուզարիոզով, գորշագույն փտումով և այլն։ Բույսի համար ավելի վտանգավոր են առաջին երկուսը։ Դրանցով ուժեղ վարակվելու դեպքում 50-80 տոկոսը ոչնչանում են։ Ժանգը վնասում է բույսի տերևներին, ցողունին, բաժակաթերթերին, կոկոններին։ Սկզբում երևան են գալիս դեղնավուն, մանր խալեր, որից հետո փոքր ելունգներ (աննշան ուռուցքներ), որոնք հետագայում պայթում են և տերևի երեսին նկատվում են (Uromyces caryophyllinus Wint.) սնկի ժանգակարմրավուն սպորները։ Այդ ժամանակ պետք է շատ զգույշ լինել, որովհետև դրանք օդի, ջրի և աշխատողների միջոցով շատ հեշտությամբ փախադրվում են և վարակում առողջ բույսերը։ Ժանգ հիվանդության դեմ կարելի է պայքարել հետևյալ բուժանյութերով՝ կապտան (0,7%), ցիրամ (1%) պոլիկարբոցին (0,4%)։
Նշված բուժանյութերը մարդու համար շատ վտանգավոր են։ Խորհուրդ է տրվում դրանց փոխարեն օգտագործել բորդոյան հեղուկ կամ միայն կիր (չհանգած). 100 լիտր ջրում լուծել 300 գ ու սրսկել։ Առաջին սրսկումից հետո բույսերի հիվանդ մասերը պետք է կտրել և այրել։ Երկրորդ սրսկումը կատարել 7-10 օր ընդմիջումով։ Դա վերաբերում է նաև բորդոյան հեղուկին։ Մյուս հիվանդությունը, որի հարուցիչն է Fusarium oxyporum schlecht. dianthi-ը, հատկապես վնասում է բույսի արմատներին։ Դրանով վնասվում է բույսերի ամրությունը՝ տուրգորը թուլանում է, տերևները դեղնում, հետագայում ընդունում են ծղոտի կամ սպիտակավուն երանգ, թառամում են, արմատավզիկը բարակում է, դառնում մուգ դարչնագույն։
Այս հիվանդությունը բարձր ջերմության պայմաններում 22-24°-ում շատ արագ է զարգանում։ Հիվանդության զարգացմանը նպաստում է նաև հողի գերխոնավությունը։ Վերը նշված պայմանները նպաստում են նաև գորշ փտախտի զարգացմանը։ Որպեսզի այս հիվանդությունները չզարգանան, հնարավորության սահմաններում հողը պետք է չոր պահել։ Վարակված բույսերն անմիջապես հանել, այրել, իսկ տեղերը ախտահանել կալիումմանգանտի լուծույթով կամ մեկ այլ նյութով։