Սովորական սարյակ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սովորական սարյակ (լատ.՝ Sturnus vulgaris), սարյակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Մարմնի երկարությունը 21,5 սմ է, թևերի բացվածքը՝ 37-42 սմ, կենդանի զանգվածը՝ 73-98 գ։ Փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով։ Բնադրման շրջանում արուի կտուցը դեղին է, հիմքը՝ կապտավուն, էգի կտուցի հիմքը՝ վարդագույն։ Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկը բաց գույնի է՝ խոշոր պտերով, կտուցը՝ խամրած դեղնավուն։ Երիտասարդի փետրածածկը խամրած դարչնամոխրագույն է, սանձիկը (աչքի ու կտուցի միջև ընկած հատվածը), ոտքերը՝ սևավուն։ Թևավերևի փետուրները բաց գույնի երիզված են։ Բնակվում է գյուղերի և քաղաքների հարևանությամբ։ Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով։

Հարսանեկան զույգերը կազմվում են ապրիլի սկզբից հունիսի վերջը։ Այդ ընթացքում արուն, վիզը դեպի առաջ ձգելով, կտուցի հաճախակի չխկչխկոցով, կիսաբաց դողդողջուն թևերով, տեղում մերթ աջ, մերթ ձախ կիսապտույտ գործելով, գրավում է էգի ուշադրությունը և թեթևակի ոստյունով հայտնվում նրա մոտ։ Բնադրում է ծառերի փչակներում, զառիթափերի կամ շինությունների ճեղքերում, արհեստական թռչնաբներում։ Բույնը գավաթաձև է, կառուցում են էգն ու արուն՝ խոտաբույսերից և թափոններից։ Դնում է 30 մմ տրամագծով, բաց կապույտ 3-7 ձու։ Թխսակալում են արուն 1ւ էգը՝ 14-15 օր։ Հուլիսի 1-ին կեսից լիարժեք հասուն ձագերը զանգվածային թռիչքի են դիմում։

Հետբնադրման շրջանում երամներ են կազմում (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար թռչուն)։ Համարվում է գարնան ավետաբերը։ Օգտակար է, ոչնչացնում է միջատներին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում