Վարդագույն սարյակ. ՀՀ Կենդանական աշխարհը
Վարդագույն սարյակ (լատ.՝ Sturnus roseus) կամ Թթի ղուշ , Սարյակների ընտանիքի թռչուն։ Հաճախ կոչվում է Pastor roseus՝ դասվելով Pastor ցեղին։ Որոշ հեղինակներ այնուամենայնիվ կարծում են, որ վարդագույն սարյակը ավելի շատ կապված է Սարյակների ընտանիքի մեջ դասվող նույնանուն ցեղին (Sturnus)։ Բնադրում են Կենտրոնական Ասիայում և Եվրոպայի հարավ-արևելքում։ Ռուսաստանում տարածված են Ղրիմում, Կովկասում և Սիբիրի հարավում։
Նկարագիր
Ոչ մեծ թռչուն է 19—22 սմ երկարությամբ։ Թևերի բացվածքը 12,3—13,9 սմ, իսկ քաշը՝ 59—90 գ։ Իր հարթ ուրվագծով ավելի շուտ հիշեցնում է Մոխրագույն ագռավի, քան Սովորական սարյակի։ Գլխի, պարանոցի և կրծքի վերին հատվածների փետուրները սև են՝ մանուշակագույն մետաղական երանգով։ Թևերի փետուրները, ինչպես նաև պոչը սև են՝ կանաչամանուշակագույն փայլով։ Կրծքի ստորին հատվածները, որովայնը, մեջքը, կողերը վաց վարդագույն են։ Աշնանը հասուն առանձնյակների փետուրների եզրերը գունափոխվում են, իսկ արուների փետուրները դառնում են ավելի սև ու գորշագույն։ Գլխին ունեն փետրափունջ՝ բավականին երկար, առավել արտահայտիչ ընդգծված է արուների մոտ։ Կտուցը զգալիորեն կարճ է, հաստ և փոքր ինչ թեքված դեպի ներքև՝ ի տարբերություն սովորական սարյակի (վերջինիս կտուցի երկարությունը 22—26 մմ է)։ Առանը և աշնանը կտուցը մուգ գորշագույն է կամ գրեթե սև, իսկ ձմռանը և գարնանը՝ մուգ վարդագույն։ Ոտքերը դեղին են։ Էգեի փետուրները անփայլ են համեմատած արուների փետրածածկի հետ։ Երիտասարդ առանձնյակները տարբերվում են հասուններից իրենց մոխրագույն-գորշագույն փետրածածկով՝ մարմնի վերին հատվածներում գորշամոխրագույն, իսկ ներքևի հատվածներում՝ խամրած ավազագույն։ Թևերի և պոչի փետուրները շագանակագույն են բաց եզրագծերով։
Տարածվածություն
Բնական արեալ
Բնադրում է գաղութներով Հարավ-արևելյան Եվրոպայի անապատներում կամ կիսաանապատներում, Հարավարևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում և Առաջավոր Ասիայում։ Արևմուտքում արելը անցնում է Թուրքիայի տարածքով, Փոքր Ասիայով և Սիրիայով։ Արևելքում ընդգրկում է չինական Սինցզյան Ույգուրական ինքնավար մարզի արևմտյան պրովինցիաները։ Հյուսիսում նրանց արեալն ընկած է մինչև Ուկրաինայի հարավային շրջանները, Հյուսիսային Կովկասում, հարավային Սարատովի տարածքում տեղակայված Վոլգա գետի ավազանը, Ուրալյան լեռները, Ալթայի արևելյան շրջանները։ Հարավից մինչև Արևելյան Ջունգարիա, Տյան-Շան, Արևմտյան Պամիր և Գինդուկուշայի հյուսիսարևմտյան մասերը։ Բնադրավայրերն ունեն սեզոնաին բնույթ և կախված են սննդի բավարար քանակության հետ։ Օրինակ՝ տարբեր տարիներ Հունգարիայում, Հարավսլավիայում, Չեխիայում, Սլովակիայում, Իտալիայում և Հունաստանում նկատվել են բնադրող սարյակների խմբեր[10], ինչպես նաև Սիբիրում՝ մինչև Ենիսեյի ավազանը։ Չվող թռչուն է և ձմեռում է հիմնականում Չինաստանում, ինչպես նաև Շրի Լանկայում և Օմանում։ Նկատվել են այս թռչնատեսակի առանձին պատահական չուեր եվրապական երկրների մեծ մասում՝ մինչև Իսլանդիա։
Բնակավայրեր
Բնադրման սեզոնի ընթացքում հանդիպում է հիմնականում տափաստաններում, կիսանապատներում կամ անապատներում, որտեղ կարողանում է գտնել իրեն անհրաժեշտ սննդի պաշարը։ Բնադրավայրերի ընտրության հարցում մեծ դեր է խաղում տվյալ տարածքում ժայռերի, արհեստական կամ բնական ջրամբարի առկայությունը տվյալ տարածքում։ Սնունդ հայթայթելու համար կարողանում են թռչել 10 կմ հեռու իրենց բնադրավայրից։ Ձմեռային միգրացիայի շրջանում հավաքվում են խաղողադաշտերի կամ այլ պտղատու ծառերի այգիների շրջանում, որտեղ և հագեցնում են իրենց քաղցը։ Տարվա ցանկացած եղանակի նրանք ապրում են երամներով, իսկ բնադրումը կատարում են գաղութներով։
Հայաստանում
20-րդ դարի վերջին քառորդում Հայաստանում անտառահատվել են բազմաթիվ թթենիներ (հարյուրավոր հեկտարներ), որը վարդագույն սարյակների թվաքանակի վրա բացասաբար է անդրադարձել։ Արագածի հարավային լանջերից Արարատյան դաշտով, Կոտայքով, Վայոց ձորով մինչև Մեղրի և Նախիջևան, գրեթե ամենուր հանդիպում է վարդագույն սարյակը։ Նկատվել է, որ մեզ մոտ դրանք բնակվում են գաղութներով՝ ապրիլի վերջերից մինչև օգոստոսի կեսերը։ Երաշտի տարիներին ավելի երկար են մնում, մինչև ձեռք բերեն չվելու համար անհրաժեշտ ճարպի պաշար։
Սարյակների ձվադրավայրից ամենախոշորը հանդիպում է Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան, Ուշի, Ուջան, Կոշ, Արուճ գյուղերի և Արա լեռան շրջակայքի լեռնատափաստանային գոտում, իսկ առանձին տարիներին՝ Էջմիածնի Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Աշտարակի Սասունիկ բնակավայրերի միջև ընկած մասում։ Այստեղ հաճախակի մորեխի զգալի կուտակումներ են լինում, որոնք ոչնչացվում են վարդագույն սարյակների կողմից։
Հայաստանի տարածքում հանդիպում է կիսանապատային գոտում, Խոսրովի կիսաանապատային ժայռերում։
Սոցիալական վարք
Իր ցուցաբերած վարքի բազմաթիվ հատկանիշներով շատ նման է լայն տարածում ունեցող սովորական սարյակին։ Վարդագույն սարյակը ևս տեղաշարժվում է ցատկելով, զննելով ողջ տարածքը։ Նա համարվում է սոցիալական կենդանի, քանի որ ապրում է և սնվում է մեծ երամներով, բնադրում է գաղութներով և գիշերում է խմբերով։ Ամռանը սարյակների երամը մեծամասամբ կարող է կազմված լինել մի քանի հարյուր առանձնյակներից, իսկ ձմռանը ակնհայտորեն մեծանում է և կարող է ընդգրկել տասնյակ հազարավոր առանձնյակների։ Վարդագույն սարյակները բնադրում են մեկը մյուսին մոտ՝ 5—6 զույգ մեկ տեղում։ Համեմատած սովորական սարյակի հետ ավելի շարժուն են, թռչում են մեծ տարածություններով և մի քանի անգամ մեկ օրվա մեջ կարող են հայտնվել միևնույն վայրում։ Երբեմն վարդագույն սարյակները բնակվում են փոքր երամներով և այլ թռչնատեսակների հետ՝ Passeridae, Acridotheres, Corvus, Psittacula։ Միմյան հանդեպ ագրեսիվ վարք չեն ցուցաբերում, հակառակ այդքան մեծ խմբերով ապրելու փաստին։
Բազմացում
Բազմացման սեզոնը կտրականապես կապված է տվյալ տարածքում մորեխների առկայության հետ և դրա համար շատկարճ է տևում։ Սովորաբար այն տևում է մայիսի կեսից մինչև հուլիսի սկիզբը, բայց կարող է այդ ժամանակը փոփոխական լինել՝ եղանակային պայմանների հետ կապված։ Օրինակ՝ Ղրիմումտարբեր տարիներին կատարված հետազոտությունների արդյունքով պարզ է դառնում, որ վարդագույն սարյակների ամենավաղ չուն Կարադաղի և Լեդյաժի կղզու շրջաններում փոփոխվում է մայիսի 5-ից հուլիսի 30-ը։ Գաղութը բաժանվում է, երբ ձագերի հիմնական մասն սկսում է թռչել, ընդ որում առանձին դեպքերում ծնողներն իրենք են լքում ձագերին, եթե վերջիններս ինչ-որ պատճառներով թռչելու կարողությունից զուրկ են լինում։ Թռչունները ևս լքում են իրենց բնադրավայրերը, երբ սննդի հիմնական պաշարներն սպառվում են։
Սնունդ
Վարդագույն սարյակների հիմնական սնունդը բնադրման սեզոնի ընթացքում համարվում են տարատեսակ ուղղաթևներ և մորեխներ, հատկանշական է այն փաստը, որ վարդագույն սարյակները ոչնչացնում են մորեխներին, որոնք գյուղատնտեսական ցանքատարածություններին վնաս են հասցնում։ Դրա համար նա համարվում է տարածքի ամենաօգտակար թռչունը մորեխների դեմ պայքարում։ Գրինչենկոյի աշխատության համաձայն (1991), մայիս-հուլիս ամիսներին վարդագույն սարյակների սննդացանկի 70-100 %-ն ընդգրկում է կենդանական ծագման սնունդը, որում ուղղաթևները կազմում են մինչև 62 %։ Բացի դա, այս ժամանակա նրանք սնվում են նաև բզեզներով, ցիկադներով (լատ.՝ Cicadidae), աղոթարարներով, մրջյուններով (միասին կազմում են 2-60 %-ը), Oniscidea-ով (մոտ 8,8 %) և փափկամարմիններով (3,1-17,5 %)։ Առանձին շրջանում նրանց սննդի 90 %-ը կազմում է խոշոր թրթուրներով։ Սնվում են մեծ երամներով՝ հավաքվելով այն վայրերում, որտեղ թրթուների կուտակումներ են հանդիպում։ Մինչ այդ այն առնաձնյակները, որոնք գտնվում են երամի վերջում, թռչում են մի ուղղությամբ և ղեկավարում ամբողջ չուն։ Որսի մեծ մասը գտնում են հողի վրա, քիչ մասը՝ օդում։ Որսի համար պայքար չի մղվում երամի անդմների մեջ, այլ ընդհակառակը, երբ կեր են գտնում, չուի անդամներին ուղղորդում են տվյալ վայր։
Բնադրման սեզոնի ավարտին սննդակարգը փոփոխվում է և ներառում է բուսական սնունդ։ Երբ թռչունները տեղափոխվում են պտղատու այգիներ և թփերով ծածկված վայրեր, որտեղ սնվում են պտուղներով, հատապտուղներով։ Այդ ընթացքում հաճախ բնակվում են խաղողի այգիներում։ Սնվում են թթենու, թզենու, բալենու, ծիրանենու պտուղներով, մոռենի սովորականով, մորմով նաև որոշ բույսերի սերմերով, ինչպիսին օրինակ՝ գարի, ցորեն, սորգո կամ Pennisetum sp.։ Բացի սա, խմում են որոշ ծաղիկների նեկտարը։ Ոչ հազվադեպ կարող են վնասել գյուղատնտեսական հողատարածքները՝ խաղողի այգիներ, ցորենի և գարու արտեր։ Իսկ Հնդկաստանում կարող են վնասել բրնձի ցանքսերը։