Քլամիդիոմոնադ. ՀՀ Բույսեր
Քլամիդոմոնադ (լատ.՝ Chlamydomonas), վոլվոքսայինների կարգի կանաչ, միաբջիջ ջրիմուռ: Հայտնի է ավելի քան 500 տեսակ:
Անվանում
«Քլամիդոմոնադ» հունարեն նշանակում է պարզագույն օրգանիզմ, որը ծածկված է «հագուստով»՝ թաղանթով։ Քլամիդոմոնադը լավ երևում է մանրադիտակով։
Էկոլոգիա
Բնակվում է ջրափոսերում, առուներում, որոշ տեսակներ՝ սառույցի և ձյան վրա՝ առաջացնելով դրանց «ծաղկում»: Տարածված է քաղցրահամ, հատկապես ազոտային միացություններով հարուստ փոքր ջրամբարներում։
Կառուցվածք
Տանձաձև մանր, շարժուն, միաբջիջ օրգանիզմ է։ Առջևի ծայրը՝ սրացած, որտեղ ունի 2 հավասար մտրակ, որոնց օգնությամբ շարժվում է։ Բջիջը հարթ է՝ պատված պեկտինային թաղանթով, ունի երկու մտրակ։ Բջջի ետին մասում գտնվում է կանաչ, բաժականման քրոմատոֆոբը, առջևի մասում՝ անգույն պրոտոպլազման կորիզով։ Առջևի մասում է գտնվում նաև կարմիր լուսազգայուն աչիկը։ Ցիտոպլազմայում գտնվում է կորիզը, իսկ մտրակների հիմքի մոտ՝ երկու փոքր բբախող վակուոլ։
Քլամիդոմոնադը սնվում է ոչ միայն ֆոտոսինթեզի ընթացքում առաջացած, այլ պատրաստի օրգանական նյութերով, որոնք բջիջը կլանում է ամբողջ մակերեսով։
Քլամիդոմոնադը լուսազգայուն աչիկով ընկալում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն։ Բաբախող վակուոլները ծառայում են ներթափանցած ջրի հավելյալ քանակի հեռացման համար։
Բազմացում
Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա կամ հետերոգամիա) ճանապարհներով։
Անսեռ
Ամռանը նպաստավոր պայմաներում քլամիդոմոնադը բազմանում է անսեռ եղանակով, որի ընթացքում կորցնում է մտրակները։ Այնուհետև նրա պարունակությունը՝ կորիզը և ցիտոպլազման, կիսվում են 2, 4, իսկ երբեմն նաև՝ 8 մասի, որոնցից դեռևս մայրական օրգանիզմում ձևավորվում են հատուկ բջիջներ՝ սպորներ։ Այն սպորները, որոնք ունեն երկարավուն մտրակ, շարժուն են, կոչվում են զոոսպորներ: Դրանք ընդհանուր կառուցվածքով նման են մայրական օրգանիզմին, բայց ավելի փոքր են և ցելյուլոզային թաղանթ չունեն։ Զոսպորները մայրական օրգանիզմից դուրս գալով վերածվում են հասուն ձևի։
Սեռական
Անբարենպաստ պայմաններում (ցուրտ, ջրամբարի չորոցում, սննդանյութի բացակայություն) քլամիդոմոնադը բազմանում է սեռական եվանակով։ Սեռական բազմացման ընթացքում քլամիդոմոնադի մայրական բջիջը բաժանվում է, առաջանում են երկու մտրակ ունեցող մեծ քանակությամբ (8-64) շարժուն, փոքրիկ գոյացություններ, որոնք սեռական բջիջներ՝ գամետներ են։ Սրանք արտաքնապես նման են իրար, սակայն արական գամետները շարժուն են, մինչդեռ իգական գամետները՝ սակավաշարժ։
Գամետները, դուրս գալով մայրական բջջի թաղանթից, լողում են ջրում։ Տարբեր առանձնյակների գամետները զույգերով միաձուլվում են՝ ձևավորվում է զիգոտը և պատվում հաստ, ամուր թաղանթով։ Այդպես զիգոտը ձմեռում է, իսկ գարնանը, երբ բարենպաստ պայմաններ են, բաժանվում է՝ առաջացնելով 4 քլամիդոմոնադ, որոնք մայրական բջջից դուրս են գալիս, աճում ու վերածվում են հասուն առանձնյակի։