Ոչխար. ՀՀ Կենդանական աշխարհը
Ոչխար (լատ.՝ Ovis aries), կաթնասուն կենդանի։ Այս արարածը հնագույն ժամանակներում ընտելացվել է մարդու կողմից։ Մարդն օգտագործում է ոչխարի բուրդն ու միսը։ Ներկայումս որխարի բուրդն աշխարհում ամենաշատ օգտագործվող բուրդն է։ Ոչխարի միսը շատ երկրներում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց ճաշացանկում։ Երբեմն օգտագործվում է նաև ոչխարի կաթը։ Վերջերս ոչխարներին օգտագործում են նաև գիտահետազոտական ուսումնասիրություններում, օրինակ աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը Դոլլի անունով ոչխարն էր։
Ոչխարաբուծությունը դա կենդանաբուծության այն ճյուղն է, որ զբաղվում է ոչխարների բուծմամբ։ Ներկայումս ոչխարաբուծությամբ հայտնի են Չինաստանը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Նոր Զելանդիան։
Ծագում
Ոչխարը մարդու կողմից ընտելացվել է հնագույն ժամանակներում, ավելի քան 8 հազար տարի առաջ ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և հյուսիսային Միջագետքի տարածքում։
Ենթադրում են, որ ոչխարը մուֆլոնի և ուրիալի սերունդն է։ Բջջագենետիկ անալիզի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ տնային ոչխարի նախնին մուֆլոնն է։ Ուրիալի կարիոտիպը կազմված է 58 քրոմոսոմից, այն դեպքում, երբ տնային ոչխարի և մուֆլոնի քրոմոսոմների թիվը 54-ն է։