«Ոչխարները կերան մարդկանց․․․»․ Հայաստանին սպառնում է նոր աղետ

Ծնողներս անասնապահ էին, հայրս՝ կոլտնտեսության անասնապահական բրիգադի բրիգադիր: Սարերում անվերջ վեճի մեջ էր ոչխարապահմների բրիգադիրի հետ: ,,Ա՛յ մարդ, հասկացիր, էլի՛, որտեղ ոչխարը արածում է, էնտեղ հողը բացվում է, հաջորդ տարին էդ տեղերում խոտը նվազում է, տավարին բան չի մնում,,. - սա էր վեճի առարկան, որը երբեմն վերածվում էր լուրջ կոնֆլիկտի տավարածների ու ոչխարածների միջև:

Մանկությանս ընթացքում սովորական այս վեճերի իմաստը հասկացա, երբ որոշակի գիտելիքներ ու փորձ ձեռք բերեցի բնապահպանության բնագավառում: Փորձեմ պարզ լինել: Արոտավայրը բնական ռեսուրս է և ունի որոշակի ինքնավերականգնման պոտենցիալ: Եթե առկա է գերարածեցումը, ապա արոտավայրը չի վերականգնվում՝ դեգրադացվում է: Ինչի արդյունքն է հողի էրոզիայի առաջացումը, արոտավայրի բուսածածկի կազմի փոփոխությունը, էկոլոգիական հավասարակշռության խախտումը...

Առաջին հերթին վերանում են միամյա արժեքավոր խոտաբույսերը, գերիշխող են դառնում կոշտ, փշոտ բազմամյաները, բուսածածկույթը նվազում է, հողը բացվում է ու ժամանակի ընթացքուն լվացատարվում, փոխում իր կազմը... Այս վտանգին առավելապես ենթակա են գյուղական համայնքներին մոտիկ արոտավայրերը, մանավանդ այն գյուղերի, որոնք սահմանամերձ են ու որոնց հեռավոր արոտավայրերը գտնվում են թուրքի կրակի տակ՝ չեն գործածվում... Հայաստանում ոչխարաբուծության համար բարենպաստ են կիսանապատային և տափաստային գոտիները, որոնք 1000-1800 մ բարձրության վրա են, մանավանդ այն տեղանքները, որտեղ ձմռանը չի առաջանում կայուն, խորը ձնածածկույթ: Որովհետև արոտային ոչխարաբուծության համար, որը գերակշռում է Հայաստանում, պարտադիր է ոչխարի հոտը արոտի դուրս հանել նաև ձմռանը: Այսօր ոչխարաբուծությամբ զբաղվում են ամենուրեք, բոլոր գոտիներում ու բոլոր բարձրություններում: Հայաստանում ոչխարաբուծության բնագավառում կա մի նրբություն, արդյունք այն հանգամանքի, որ գյուղատնտեսության այդ բնագավառը հիմնականում եզդիների զբաղմունքն է և անզգույշ քայլերը կարող են ազգային խնդիրներ առաջացնել: Ինչևէ: Վարչապետ Նիկոլը օրերս մի գրառում է արել ՖԲ-ում, որտեղ նշում , թե իբրև բնակչությունը անսացել է ոչխարաբուծության զարգացման մասին իր հորդորին՝ վկայակոչելով, որ ավելի քան կրկնապատկվել է արտահանվող ոչխարների գլխաքանակը:

Պարզ է, որ եթե վարչապետի այս ոգևորությունը շարունակվի և առաջիկայում էլ աճեցվի ոչխարների գլխաքանակը, առանց հաշվի առնելու ոչխարաբուծության զարգացման համար բնական համապատասխան ռեսուրսների առկայությունը, ապա Հայաստանին սպասվում է նոր էկոլոգիական աղետ, որի անունն է անապատացում: Ոչխարաբուծության զարգացման համար կառավարությունը պետք է համայնք առ համայնք հաշվառի առկա բնական ռեսուրսները, հաշվի առնելով անասնապահության մյուս ճյուղերի պահանջները, տնտեսական հաշվեկշիռը, օգուտները-վնասները և այլն, և նոր միայն ոգևորի տնտեսվարողներին: Առանց այս հսկայածավալ աշխատանքների իրականացման ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ, անապատացման խորացման, տնտեսական անհավասարակշռության: 

Լուսանկարում՝ Շողակաթ /նախկին Շորժա/ համայնքի ոչխարի հոտը ,,Սևան ազգային պարկի,, ,,Արտանիշի,, արգելոցում

 

Էկոլոգ-փորձագետ Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից: 

 

Գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում