Ձիթենի. ՀՀ Բույսեր
Ձիթենի, (լատ.՝ Olea), ձիթենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 տեսակ։ Տնտեսական նշանակություն ունի միայն մեկը՝ եվրոպական ձիթենին (լատ.՝ Olea europea), մշակովի ձիթենին, ձիթապտղի ծառը։
Կենսաբանական նկարագիր
Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է՝ 4-12 մետր բարձրությամբ։ Ապրում է 400-500 տարի, երբեմն՝ 1000 և ավելի։ Սաղարթը՝ լայն բրգաձև երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2-3 տարի։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ՝ հավաքված 8-40-ական հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը՝ 3-15 գրամ, հասա մաշկով, մանուշակագույն կամ սև, հաճախ մոմանման ֆառով։
Քիմիական կազմ
Պտուղները պարունակում են 25-80% ձեթ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային ու անօրգանական նյութեր, վիտամիններ (B, C և A նախավիտամինը)։
Նշանակություն
Ձիթապտուղը օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյացված ձևով) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է օծանելիքի և տեքստիլ արդյունաբերության, իսկ բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիթենին բազմացվում է կտրոններով, պատվաստներով և սերմերով։ Ջերմասեր բույս է։
Տարածում
Մշակվում է Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում, Ղրիմում, Վրաստանում, Թուրքմենստանում, Ադրբեջանում և այլուր։ Հայաստանում աճում է Նոյեմբերյանի և Մեղրիի շրջաններում։ Հայտնի է մոտ 500 սորտ, նախկին ԽՍՀՄ երկրներում՝ 80, լավագույններն են՝ Ասկալանո, Նիկիտսկայա-II, Կրուպնոպլոդնայա, Ղրիմի, Ադրբեջանական և այլն։