Կեչի թավոտ. ՀՀ Բույսեր
Կեչի թավոտ (լատ.՝ Betula pubescens), կեչազգիներ ընտանիքի, կեչի ցեղի բույս։
Նկարագրություն
Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված կամ հորիզոնական ճյուղերով։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի, երբեմն թփանման է աճում։ Կեղևը սպիտակ է, շերտ-շերտ անջատվող։ Ծեր ծառերի բնի հիմքը մուգ է, խորդուբորդ։ Երիտասարդ ընձյուղները կարմրագորշավուն են, ծածկված խիտ աղվամազով, առանց խեժային ելունդների։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն-ձվաձև, 4-6 սմ երկարությամբ, 2,5-5 սմ լայնությամբ, կլորավուն, սրտաձև կամ հատված հիմքով, սրածայր գագաթով, զույգ սուր-ատամնաեզր, ամուր։ Նոր բացված ժամանակ կպչուն են։ Տերևակոթունները մազմզուկապատ են, 1,2-2,5 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները ունեն 2,5-3 սմ երկարություն, 9-10 մմ տրամագիծ, գտնվում են թավշամազմզուկապատ պտղակոթունների վրա։ Թեփուկները ունեն 3-5 մմ լայնություն, վերևի կողմից ծածկված են աղվամազով, թարթիչաեզր են, միջին բլթակը երկարացած է։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկավոր։
Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Անդրբայկալում, Սկանդինավիայում: Հայաստանի պայմաններում հանդիպում է Տաշիրի, Ստեփանավանի, Հրազդանի և Ապարանի շրջաններում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, գլխավորապես կաղնու և սոճու ծառուտներում։ Լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն, պահանջկոտ է հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։
Կիրառություն
Լայն կիրառում ունի նաև կանաչապատման բնագավառում, որտեղ օգտագործվում է ամենատարբեր տիպերում ու կատեգորիաներում։ Հատկապես բարձր են գնահայտվում թավոտ կեչու պարտիզային ձևերը, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (նեղ բրգաձև), տերևների ձևով և այլն։
Կեղևը հյուսիսային շրջաններում օգտագործվում է որպես ծածկ, դրանից զանազան իրեր, նույնիսկ՝ թեթև նավակներ են պատրաստում։ Հատկապես բարձր են գնահատվում արմատի վրա գտնվող պալարաոստերը, որոնցից գեղեցիկ նախշերով զարդարված բնափայտ են ստանում։ Բնից ստացված հյութը օգտագործվում է զովացուցիչ ջրեր պատրաստելու համար: