Կեչի ելունդավոր. ՀՀ Բույսեր

Կեչի ելունդավոր (լատ.՝ Betulaceae verrucosa Ehrh), կեչազգիների ընտանիքի, կեչի ցեղի բույս։

Նկարագրություն
Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն-ձվաձև է, թափանցիկ, դեպի ցած հակված ճյուղերով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են սպիտակ, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Ծեր ծառերի բնի հիմքում կեղևը խիստ ճաքճքված է, ամուր, սևավուն։ Տարեկան ընձյուղները կարմրագորշավուն են, երիտասարդները մերկ, ծածկված ելունդանման խեժագեղձերով։ Տերևները ձվաձև-շեղանկյունաձև են կամ եռանկյուն ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5,5 սմ լայնությամբ, հիմքում լայն-սեպաձև, գագաթը սրածայր, կրկնակի սուրարմատաեզր, երկու կողմերից հարթ, նոր բացված ժամանակ կպչուն։ Կոթունը մերկ է, 2-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները գլանաձև են, 2,5-3 սմ երկարությամբ և մոտ 1 սմ տրամագծով։ Թեփուկները կանաչավուն են, 5 մմ երկարությամբ ու լայնությամբ։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկները 2-3 անգամ ավելի լայն են ընկուզիկից։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն
Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, Բալկաններում, Արևմտյան Սիբիրում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում, Ապարան-Հրազդանում, Գեղարդում, Վայքում, Ջանգեզուրում և Մեղրիում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, ծովի մակերևույթից մինչև 2400 մ բարձրության վրա, հաճախ՝ քարքարոտ վայրերում, ամենուրեք կեչուտներ առաջացնելով։

Կիրառություն
Ելունդավոր կեչին ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք լայնորեն ենմշակվում կանաչապատման բնագավառում։ Դրանք տարբերվում են սաղարթի և տերևների ձևերով, սաղարթի գույնով։ Ամենատարածված կեչիներից մեկն է, որը առաջացնում է մաքուր և խառը տնկարկներ։ Լավ է վերականգնվում ինքնացանով և մացառներով։ Սերմերը հեշտությամբ են տարածվում քամու միջոցով։ Չափազանց լուսասեր ծառատեսակ է։ Արագ է աճում։ Մեծ տարիքում վերատնկումը վատ է տանում։ Բնափայտը օգտագործվում է կահույք, ֆաներա պատրաստելու համար։ Լավ փայտածուխ է տալիս։ Օգտագործվում է նաև որպես վառելիք։ Վերնակեղևը օգտագործում են ամանեղեն, տուփեր, պատրաստելու, տները ծածկելու համար։ Դրանից խեժ են ստանում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում