Կիվի. ՀՀ Բույսեր
Կիվի, Ակտինիդիա (լատիներեն Actinidia) ցեղին պատկանող բուսատեսակի ընդհանրական անվանումն է։ Հայտնաբերվել է Չինաստանում ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները երկար ժամանակ «Չինական հաղարջ» էին անվանում։ Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդիա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է։
Անվանումը
Կիվի բույսն իր անունն ստացել է իր պտղի և անթև, գորշ, մազանման փետուրներով կիվի թռչնի արտաքին նմանության շնորհիվ[1]։ Միրգը շուկայում առաջինը ներկայացրած ընկերության անունն էր Kiwi ։ Ընկերության խորհրդանիշը ներկայանում էր հենց այդ անթև թռչնի տեսքով։
Վիտամինների պարունակությունը
Կիվին իրավամբ համարվում է վիտամինային ռումբ, քանի որ պարունակվում է մրգերի և բանջարեղենի համար ռեկորդային քանակության վիտամիններ և հանքային նյութեր։ Այս խավոտ կանաչ գնդիկը հարուստ է հատկապես C վիտամինով։ Միջին չափի մեկ կիվին իր մեջ պարունակում է 75 մգ C վիտամին։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով, բետա-կարոտինով, ֆոլաթթվով, հանքային տարրերով (կալիում, ֆոսֆոր, մագնեզիում) և ֆլավոնոիդներով։ Կիվին պարունակում է էնզիմներ, մրգաթթու և պեկտիններ։
Կիվիի բուժիչ հատկությունները
Չինական ավանդական բժշկության մեջ ակտինիդիան սովորաբար օգտագործում են մարսողությունը լավացնելու, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ Պտուղների բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը։ Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։ Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները։ Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։ Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։
Կիվիի օգտագործումը կենցաղում
Կարծիք կա, որ եթե կիվին բավական հասած է, ուրեմն այն համեղ է։ Եթե շոշափելիս միրգը շատ փափուկ է լինում, նշանակում է այն արդեն շատ հասած է։ Խակ պտուղները կարելի է դնել սեղանին այնպես, որ արևի ճառագայթները վրան չընկնեն։ Այն կարելի է դնել նաև թղթե տոպրակի մեջ խնձորի, բանանի կամ տանձի հետ. այդպես ավելի արագ են հասունանում։ Մրգի հասած լինելը օգտակար նյութերի քանակի կամ որակի վրա չի ազդում։ Կիվին հիանալի մաքրում է մաշկը և միևնույն ժամանակ այն հագեցնում է կարևոր վիտամիններով։ Բուժական-կոսմետիկ նպատակներով կիվիից դիմակներ են պատրաստում։