Խավարածիլ. ՀՀ Բուսատեսակներ

Խավարածիլ (լատ.՝ Rheum), հնդկացորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոշոր բազմամյա խոտաբույսեր են՝ հզոր արմատներով։

Կենսբանական նկարագիր

Ծաղկակիր ցողունի բարձրությունը 1, 5 - 2, 0 մ է, մերձարմատային տերևները խոշոր են՝ հաստ, մսալի, հյութալի տերևակոթուններով։ Ծաղկաբույլը հուրան է կամ հասկիկ, ծաղիկները՝ երկսեռ, երբեմն միայն արական, պտուղը՝ թևավոր սերմիկ։ Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է, Հյուսիսային Մոնղոլիան, Հյուսիսային Չինաստանը, Ալթայը, Սիբիրը։ Հայտնի է մոտ 30 տեսակ (այլ աղբյուրներով՝ 49), ԽՍՀՄ-ում՝ 22։

Տեսակներ

Խավարծիլի որոշ տեսակներ մշակվում են որպես բանջարային, դաբաղային, դեղորայքային բույսեր։ Սննդի մեջ օգտագործվում են տերևակոթունները, որոնք սննդարար են, պարունակում են մինչև 2, 5% շաքարներ, 3, 5% օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի աղեր և վիտամիններ։ Խավարծիլից պատրաստում են կոմպոտ, կիսել, մուրաբա, ջեմ, գինի։ Խավարծիլը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է աղիքների, լյարդի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հակացինգային միջոց (արմատները)։

Մշակության մեջ առավել տարածված են 4 տեսակ խավարծիլեր՝

  • սովորական (լատ.՝ Rheum undulatum),
  • կոմպակտ (լատ.՝ Rheum compactum),
  • պատվաստային (Rheum rhaponticum),
  • ցածրաճ (լատ.՝ Rheum nanum)։

Ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է, լուսասեր չէ։ Բազմացվում է սերմերով, ինչպես նաև վեգետատիվ ճանապարհով՝ մայր թփի բաժանմամբ։ Բերքատվությունը՝ 300-400 ց/հա։ Հայաստանում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում