Գայլաթաթ. ՀՀ Բույսեր

Գայլաթաթ (լատ.՝ Alchemilla), արծաթախոտ, ոսկեծիլ, չտաբլիթ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 19 տեսակ՝ գայլաթաթ մետաքսյա (A.sericea), գայլաթաթ հոդավորված (A. heteroschista), գայլաթաթ կոշտ (A. rigida), գայլաթաթ տարակոթուն (A.diversipes) և այլն։ Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ լեռնալանջերին, առվակների և գետերի ափերին, անտառեզրերին և բացատներում, բարձր լեռնային մարգագետիններում և այլն։ Կան նաև բնաշխարհիկ տեսակներ՝ գայլաթաթ Սեվանի (A. sevangesis), գայլաթաթ Սմիռնովի (A. smirnovii)։ Կոճղարմատավոր բույս է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5-70 սմ։ Տերևներն արմատամերձ վարդակներով են, երկար կոթուններով, բլթակավոր կամ ատամնավոր, երբեմն՝ մասնատված՝ պատված մազիկներով։ Ծաղկաբույլը վահանահուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչավուն կամ դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը ձվաձև ընկուզիկ է։ Պարունակում է ներկւսնյութեր։ Գայլաթաթի ծայրամասային ընձյուղների հյութը օգտագործվում է որպես կոսմետիկ, միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում