Եղբայրարյուն Տուրնըֆորի. ՀՀ Բույսեր

Եղբայրարյուն Տուրնըֆորի, Diphelypaea tournefortii, Дифелипея Турнефора:

Եղբայրարյուն (Դիֆելիպեա) Տուրնըֆորին հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ և էկզոտիկ ծաղիկներից մեկը։ Դեռևս 1895 թվականին մեծ հայ պատմաբան Ղևոնդ Ալիշանը այսպես է գրել նրա մասին. «Եվ ծաղկանց թագավոր կամ թագուհի կըրնանք ըսել, գոնէ մեր երկրին մէջ. մեզի պանծալի, օտարաց նախանձելի, և ամենուն զմայլելի իր գունոյն համար»։ 
Դիֆելիպեա ցեղը պատկանում է Ճրագախոտազգիների (Orobanchaceae) ընտանիքին։ Ընտանիքի մեջ կան մոտավորապես 2000 տեսակ բույսեր, որոնք ընգրկված են 90 ցեղերի մեջ։ Ընտանիքի բոլոր ներկայացուցիչները մակաբույծեր են։

Դիֆելիպեա ցեղի մեջ կան ընդհամենը երկու տեսակ` Դիֆելիպեա Տուրնըֆորի (Diphelypaea tournefortii) և Դիֆելիպեա կարմիր (Diphelypaea coccinea)։ Նրանք տարբերվում են միմյանցից ընդամենը ցողունի թեփուկներով։ Տուրնըֆորի եղբայրարյան մոտ թեփուկները գտնվում են ցողունի հիմքում, իսկ կարմիր եղբայրարյան մոտ թեփուկները տարածված են ցողունի ողջ երկայնքով։ 

Որոշ հեղինակների կողմից ընդունվում է երրորդ տեսակի` Դիֆելիպեա Ելենայի (Diphelypaea helenae) ինքնուրույնությունը։ Սակայն հեղինակների մեծամասնությունը կարծում է, որ դա կարմիր եղբայրարյան բազմագույն (պոլիխրոմատիկ) տարբերակն է։ Բույսի հիմնական տարբերիչ նշանը դա ծաղկի դեղին գույնն է, ինչը բավարար չէ տեսակային ինքնուրույնությունը ապահովելու համար։

Դիֆելիպեա ցեղը գիտության մեջ նկարագրված է 1703 թվականին ֆրանցիացի բուսաբան Տուրնըֆորի կողմից (Joseph Pitton de Tournefort)։ Արևմտյան Հայաստան 1701 թվականին կատարված իր շրջագայության ժամանակ Կարինի (ներկայումս Էրզուրում) շրջակայքում նա տեսավ մի գեղեցիկ ալ կարմիր ծաղիկներով բույս, որն անվանեց Ֆելիպեա արևելյան անունով։ Անունը տվեց իր շրջագայության ֆինանսական հովանավորների` հայր և որդի Ֆելիպոների (Louis Phélypeaux, Jérôme Phélypeaux) պատվին։ 

Այստեղ տեղին է կատարել փոքրիկ պատմա-կենսաբանական թեքումով շեղում։ Աշխարհի ոչ մի բույս, երևի, չունի այնքան հոմանիշներ, որքան մեր Դիֆելիպեան։ Ահա հոմանիշների կարճ ցուցակը. Phelypaea orientalis, Phelypaea tournefortii, Lathraea phelypaea, Anoplanthus tournefortii, Anoplon tournefortii, Aeginetia tournefortii. Հոմանիշ անունների բազմազանությունը վկայում է անվանացանկային (նոմենկլատուրային) շփոթության մասին։
Տուրնըֆորը, բույսը նկարագրելիս, Ֆելիպեա ցեղի մեջ ընդգրկում է երկու բույս` Ֆելիպեա արևելյանը (Phelypaea orientalis, ներկայումս հայտնի որպես Diphelypaea tournefortii) և Ֆելիպեա լուզիթանյանը (Phelypaea lusitanica, իրականում` Cistanche phelypaea), որոնք սակայն պատկանում են երկու լրիվ տարբեր ցեղերին։ Հետագայում, 1753 թվականին, Լիննեյը իր "Բույսերի տեսակները" խոշոր աշխատանքում (Species plantarum, որից ընդունված է հաշվել բուսաբանական անվանացանկի ծնունդը) չգիտես ինչու տեղակայում է երկու բույսերն էլ Լաթրեյա (Lathraea) ցեղի մեջ։ 1798 թվականին գերմանացի բուսաբան Մարշալ ֆոն Բիբերշտայնը (Friedrich August Marschall von Bieberstein) նկարագրում է ևս մեկ տեսակ շատ նման Դիֆելիպեային և անվանում այն Ճրագախոտ (Օրոբանխե) կարմիր (ներկայումս Diphelypaea coccinea)։ Ռենե Դեֆոնտենը (René Louiche Desfontaines) իր 1807 թվականի աշխատանքում Տուրնըֆորի նկարագրված բույսի համար առաջարկում է նոր անունների համադրություն` Ֆելիպեա Տուրնըֆորի (Phelypaea tournefortii)։ Ի դեպ այդ աշխատության մեջ մենք կարող ենք տեսնել Դիֆելիպեայի առաջին գունավոր պատկերը։

1975 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի բուսաբանական բաժնի գիտաշխատող Դէն Նիքըլսընը (Dan H. Nicolson) տպագրում է մի հիմնավոր հոդված, որտեղ մանրակրկիտ վերլուծում է բույսի անվան հետ կապված անվանացանկային արկածները և առաջարկում է ցեղի անվան նոր տարբերակ` Դիֆելիպեա (Di- երկու, քանի որ Ֆելիպո -Phelypaea ընտանիքի երկու ներկայացուցիչների պատվին էր դրվել անունը Տուրնըֆորի կողմից)։ 
Հայերենով բույսն ունի հետևյալ անունները. Սարի լալա, Յոթ եղբոր արյուն, Աղբերաց արյուն, Աղբյուրների արյուն, և ոնց-որ թե պաշտոնական Եղբայրարյուր անունը։ Հայաստանի ֆլորա ակադեմիական հրատարակչությունում տպագրված է Եղբայրարյան անունը, բայց պարզ չի դա տառասխալ է, թե այդպիսի ուղղագրություն են առաջարկել Ճրագախոտազգիների բաժնի հեղինակներ Ծատուրյանն ու Գրիգորյանը։ Յոթ եղբոր արյուն և Աղբերաց արյուն անունները կապված են յոթ եղբայրների մասին լեգենդի հետ։ Լեգենդը պատմում է թե յոթ ախպերներ են եղել, որոնք մահացել են մարտի դաշտում, և իրանց արյունից էլ ծնվել են այս ծաղիկները։ Աղբյուրների արյուն անունը կապված է այն փաստի հետ, որ Դիֆելիպեային հաճախ կարող ենք տեսնել աղբյուրների, առուների կողքը` քարքարոտ հատվածներում։ 

Ներքևում Դիֆելիպեայի նկարն է, որը առաջին անգամ հանդիպում է մեսրոպատառ գրականության մեջ։ Վերցված է Ղևոնդ Ալիշանի Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ-Սբ. Ղազար, 1890 թվականի գրքից։ Երևի նկատեցիք, որ նկարը հանդիսանում է Դեֆոնտենի գրքի նկարի արտատպումը։

Այստեղ ներքևում նկար է, որն ուղիղ հարյուր տարի առաջ է տպագրվել։ Վերցված է անգլիական հայտնի բուսաբանական մատյանից` Curtis's Botanical Magazine, 1915, ser., XI no. 126, tab. 8615։

Իսկ այստեղ ներկայացնում եմ Դիֆելիպեայի առաջին լուսանկարը։ Նկարը արված է 1915 նույն անգլիացիների կողմից, և տպագրված է Քյուի Թագավորական բուսաբանական այգու մատյանում։

Բույսի նկարագրությունը

Տուրնըֆորի եղբայրարյունը հանդիսանում է մազմամյա խոտային անտերև մակաբույծ` սնամեջ ցողունով։ Ցողունը ունի մուգ-կարմիր գույն և հիմքում պատված է թեփուկներով։ Բույսի բարձրությունը տատանվում է 10-ից մինչև 30 սմ։

Ծաղիկները միայնակ են, մեծ, երկշուրթ, թավշյա կարմիր գույնի։ Բաժակաթերթեր չունեն։ Ծաղկաբաժակը երկշուրթ է։ Պսակի ներքևի շուրթը ունի երկու հատ սև ծալքեր։ Առէջները դեղնավուն են։ Վարսանդը մուգ կարմիր է, վահանաձև։

Ինչպես կարելի է նկատել սև ծալքերը նմանություն են տալիս իշամեղուներին և որոշ բզեզներին, որոնք հանդիսանում են այս ծաղկի փոշոտիչները։ Գիտականորեն այս երևույթը անվանում են Փոշոտիչների գրավչության սեռական սինդրոմ, կամ կեղծ զուգավորում (Pseudocopulation)։

Դիֆելիպեայի պտուղները տուփիկներ են, բացվող երկու մասով։ Սերմերը շատ մանր են։

Բույսը մակաբույծ է Tanacetum և Achillea ցեղերի մի քանի ներկայացուցիչների վրա։
Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուր 1600-ից մինչև 2600 մ բարձրության վրա։ Աճում են քարքարոտ ձորալանջերում, գետերի կիրճերում, անտառների բացատներում։

Քանի որ բույսը անչափ գեղեցիկ է, հասկանալի է որ շատերը կցանկանան աճեցնել այն։ Բույսի առաջին աճեցման գիտական փորձը տեղի է ունեցել հեռավոր Գերմանիայում 1876 թվականին ։ Դրեզդենի բուսաբանական այգու գիտաշխատող Պոչարսկին ուղիղ Կովկասից հայտնի բուսաբան Կոխից ստանում է բույսը իր սնող տիրոջ հետ միասին։ Նույն տարում դիֆելիպեան ծաղկում է, և հետո երեք տարի լուր չի հանում։ Երեք տարի հետո, 1879 նա նորից ծաղկում է։ Աճեցման երկրորդ դրական փորձը գիտական գրականության մեջ նկարագրված 1914 թվականին։ Այս անգամ Անգլիայի Թագավորական բուսաբանական այգին Քյույում ստանում է Թիֆլիսի բուսաբանական այգուց Դիֆելիպեայի և սնող բույսի` Տերեփուկի սերմերը 1911 թվականին։ Նույն տարի սերմերը ցանում են Ալպիական բաժնում։ Տերեփուկը բարեհաջող ծլում է, աճում է, և երեք տարի հետո, 1914 թվականին ի հայտ են գալիս Դիֆելիպեայի կոկոնները։ Այսպիսով հեռավոր Անգլիայում ծաղկում է մեր Դիֆելիպեյան։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում