Կաքավկրկուտ. ՀՀ Բույսեր
Կաքավկրկուտ (լատ.՝ Lithospermum), քարասերմիկ, մարգարտախոտ, ղուլպ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 10-100 սմ։ Տերևները նստադիր են, Երկարավուն-գծաձև կամ նեղ նշտարաձև՝ պատված կոշտ կամ փափուկ մազիկներով։ Ծաղկաբույլը ողկուզանման ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառընկուզիկ է։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև միջին լեռն, գոտիները։ Աճում է անտառներում, թփուտներում, բաց վայրերում, աղբոտում այգիները, հացաբույսերի ցանքերը, (օրինակ՝ դաշտային Կաքավկրկուտ) և այլն։
Նշանակություն
Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ, վիտամին C, կարմիր գունակ, ճարպայուղ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող միջոց։
Տեսակներ
Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝
- Կաքավկրկուտ մանուշակագույն (L. purpuro-caeruleum),
- Կաքավկրկուտ դեղատու (L. officinale),
- Կաքավկրկուտ բարակածաղիկ (L. tenuiflorum),
- Կաքավկրկուտ դաշտային (L. arvense)։