Հացհամեմ. ՀՀ Բույսեր

Հացհամեմ (լատ.՝ Trigonella), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 17 (18) տեսակ՝ հացհամեմ երկնագույն (T. coerulescens), հացհամեմ գլխիկավոր (T. capitata), հացհամեմ թրաձեվ (T.gladiata), հացհամեմ բարակ (T. tenuis) և այլն։ Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։

Բնութագիր
Ցողունի բարձրձրությունը 5-70 սմ է։ Տերևները եռմասնյա են։ Ծաղիկները Երկնագույն են, սպիտակ, դեղին՝ հովանոցանման կամ գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է։ Սերմերը հարթ են կամ կնճռոտ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ամինաթթուներ, սապոնիններ, եթերայուղեր, ալկալոիդներ, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ, և այլ հիվանդությունների դեպքերում։ Գլխիկավոր հացհամեմը հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գյուղի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում