Տղաբերուկ. ՀՀ Բույսեր
Տղաբերուկ (լատ.՝ Aethionema), բոցաթելուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում` 12 (14) տեսակ՝
- տղաբերուկ խոշորածաղիկ (A. grandfflomm),
- տղաբերուկ գեղեցիկ (A. pulchellum),
- տղաբերուկ հայկական (A. armenum),
- տղաբերուկ եռաջիղ (A. trinervium),
- տղաբերուկ ծալքավոր (A. diastrophis) և այլն։
Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում (ստորին լեռն, գոտուց մինչև վերինը)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, հաճախ՝ կրաքարային ժայռերում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը խիտ կամ նոսր ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40 (70) սմ։ Տերևներն ամբողջական են, մերկ կամ մազածածկ։ Ծաղիկներն ակտինոմորֆ (կանոնավոր) են, վարդագույն, սպիտակ, դեղին, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը միաբուն կամ երկբուն, 3-4 կամ 1 սերմանի թևավոր (հազվադեպ՝ անթև), հիմնականում բացվող պատիճակ է։
Կիրառություն
Որոշ տեսակներ գեղազարդիչ են, օգտագործվում են պարտեզագործության մեջ։