Ոզնագլխիկ. ՀՀ Բույսեր
Ոզնագլխիկ (լատ.՝ Echinops), nզնենի, ոզնիկ, թոփփուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում է 8 տեսակ ոզնենի՝ գլխիկավոր, ոզնենի փշոտ, ոզնենի բազմափուշ, ոզնենի սովորական և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին, միջին և բարձր լեռնային գոտիներում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-100 սմ և ավելի։ Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված։ Ծաղկաբույլը միածաղիկ զամբյուղ է՝ խմբված ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա, և կազմում է գնդաձև գլխիկ։ Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից (ծածկոցի ստորին ձևափոխված թերթիկներից), որոնք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական։ Ծաղիկները երկնագույն են կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գլանաձև սերմիկ է։
Քիմիական կազմ
Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն։
Կիրառություն
Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդությունների բուժման համար և այլն։