Եղջերատերև. ՀՀ Բույսեր
Եղջերատերև (լատ.՝ Ceratophyllum), եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։
Տեսակներ
Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
- Եղջերատերև ջրասույզ (լատ.՝ Ceratophyllum demersum)
- Եղջերատերև կիսաջրասույզ (լատ.՝ Ceratophyllum submersum)։
Տարածում
Տարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիների լճերում ու լճակներում (Արփա, Սևան, Պարզ, ժանգոտ, Տզրուկի, Մեծամոր և այլն), նաև դանդաղահոս գետերում (Մեծամոր, Արգիճի, Հրազդան և այլն)։
Կենսաբանական նկարագիր
Արմատներ չունի, ցողունը հանգուցավոր է, երկարությունը՝ մինչև 1 մ։ Տերևները եղանաձև կտրտված են փնջերով և օղակաձև դասավորված ցողունների միջհանգույցներում։ Ծաղիկները մեկական են, մանր, տերևանութային, միատուն։ Արական (կանաչավուն) և իգական (սպիտակավուն) ծաղիկները տեղադրվում են բույսի տարբեր հանգույցներում։ Ծաղկում է հունիսին (փոշոտումը կատարվում է ջրի տակ)։ Պտուղը 3 փշիկներով (1-ը՝ պտղի գագաթին, 2-ը՝ հիմքում և դեպի ցած ծալված) ընկուզիկ է։
Բազմացում
Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով (ծայրային ընձյուղներով՝ տուրիոններով)։ Եղջերատերևը կեր է ջրլող թռչունների և ջրային կենդանիների համար, նպաստում է ջրամբարների կենսաբանական մաքրմանը և տիղմի առաջացմանը։ Ակվարիումային բույս է։