Հերբարիում. ՀՀ Բույսեր

Հերբարիում (լատ.՝ herbarium` herba - «խոտ», «բույս»), հատուկ հավաքված, չորացված և կարգաբանական մշակման ենթարկված բույսերի հավաքածու։ Սովորաբար հերբարիումները կազմվում են ըստ նախապես մշակված ծրագրի, օրինակ` Երևանի շրջակայքի, Արարատյան դաշտի, Վայքի, Զանգեզուրի ևն։

Հերբարիում պատրաստելու համար բույսերը տեղավորում են հատուկ պայուսակներում կամ թղթապանակներում, ապա դասավորում թերթերի մեջ, կապում ցանցերում և չորացնում։ Յուրաքանչյուր բույսի կցվում է պիտակ, ուր նշվում է նրա լատիներեն անվանումը, հավաքման վայրը, ամսաթիվը ևն։ Չորացրած բույսերը պահվում են հատուկ բուսապահոցներում։

Հայաստանի խիստ հարուստ ու բազմազան ֆլորայի առաջին հերբարիումը կազմել են ֆրանսիացի Տուրնըֆորը (1700), այնուհետև՝ Վագները, Զեյդլիցը և ուրիշներ, սակայն այդ հավաքածուները տարվել են Բեռլին, Լոնդոն, Ժնև և այլուր։ ՀՀ-ում, բնապատմական թանգարանին կից, ստեղծվել է (1925) բուսապահոց, Ա. Շելկովնիկովի ղեկավարությամբ, որին աջակցել են Ա. Գրոսհեյմը, Ա. Թամամշյանը, Ա. Թախտաջյանը, Նիկոլայ Վավիլովը, Մ. Թումանյանը և ուրիշներ։ Արժեքավոր է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ԳՀԻ-ի հերբարիումը, որտեղ կենտրոնացված ավելի քան 200 հազար թերթից 130 հազար ՀՀ տարածքից հավաքված բույսեր են։ Նրանում կա առաջին անգամ գտնված և նկարագրված մոտ 280 նմուշ։ Հերբարիումներ են ստեղծվել նաև ԵՊՀ-ում, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում