Կաթնախոտ. ՀՀ Բույսեր

Կաթնախոտ (լատ.՝ Polygala), կաթնախոտազգիների ընտանիքի բազմամյա, կոսմոպոլիտ խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 600 տեսակ։

Արեալ

Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, օշինդրային կիսաանապատներում։

Կենսաբանական նկարագիր

Բազմաթիվ ցողուններով բույս է, բարձրությունը՝ 10-40 (50) սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, գծանշտարաձև կամ ձվաձև։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, ողկույզներով, սպիտակ, վարդագույն, երկնագույն։ Ծաղկում է մայիս-հուևիսին։ Պտուղը երկբուն տուփիկ է։

Կիրառություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, օրգանական թթուներ, ճարպայուղեր և այլն։ Արմատների եփուկն ու թուրմն օգտագործում են որպես խորխաբեր միջոց (տուբերկուլոզի, քրոնիկ, բրոնխաբորբի ժամանակ), նաև շաքարախտի և ռևմատիզմի բուժման նպատակով։ Հայաստանում մեկ տեսակ՝ կաթնախոտ ուրարտականը (լատ.՝ polygala urartu Tamamsch) էնդեմիկ է, վտանգված և գրանցված Հայաստանի կարմիր գրքում։

Հայտնի է մոտ 800 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 8 (11) տեսակ՝

  • կաթնախոտ ալպիական (P. alpicola),
  • կաթնախոտ անդրկովկասյան (P. transcaucasica),
  • կաթնախոտ անատոլիական (P. anatolica),
  • կաթնախոտ ուրարտական (P. urartu):

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում