Տանձենի սիրիական. ՀՀ Բույսեր
Տանձենի սիրիական (լատ.՝ Pyrus syriaca), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։
Նկարագրություն
Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5-0 մ բարձրությամբ և մինչև 30 սմ բնի տրամագծով, երբեմն աճում է թփանման։ Սաղարթը նեղ է, ցախավելանման։ Տերևները էլիպսաձև են, երկարավուն ձվաձև, համարյա շեղանկյուն կամ լայն նշտարաձև, 3-9 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, կլորավուն կամ սեպաձև հիմքով, բութ գագաթով կամ սրածայր, կոշտ սղոցաեզր կամ ատամնաեզր, համարյա կաշվեկերպ, կանաչ, մերկ, վերևի կողմից թույլ փայլուն, ներքևի կողմից՝ անփայլ։
Ծաղկաբույլերը սակավածաղիկ վահաններ են։ Ծաղիկները սպիտակ են, մինչև 3,0 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները լեն թափվում պտղի հասունացման ժամանակ, այլ մնում են գագաթին։ Պտուղը կլորավուն է կամ տանձանման, մինչև 2 սմ տրամագծով, մուգ դարչնագույն, հաստ պտղակոթով, որը երկու անգամ ավելի երկար է պտղից։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բավականին դիմացկուն բույս է։ Լավ է տանում երաշտը, բարձր ջերմաստիճանները, ուժեղ սառնամանիքները, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լուսասեր է։ Կարելի է օգտագործել շոգ, չոր կլիմա ունեցող վայրերի կանաչապատման և անտառապատման համար։ խորհուրդ է տրվում օգտագործել սելեկցիոն աշխատանքներում, կուլտուրական տանձենու չորադիմացկուն սորտեր ստանալու նպատակով։ Պտուղները կարելի է ուտել միայն ցուրտը խփելուց հետո, քանի որ խիստ տտիպ են։
Տարածվածություն
Հանդիպում է Կովկասում, Փոքր Ասիայում, Սիրիայում, Կիպրոսում: ՀՀ-ում աճում է Խոսրովի անտառում, Վայքում, Մեղրիում, վերին լեռնային գոտում՝ կաղնեբոխային անտառներում, բացատներում։
Կիրառություն
Էկոլոգիական խումբը`VIII: Մշակության հավանական շրջանները`3 ա, 8, 18, 20 ա, 22-28, 31 -32: