Զիվան. ՀՀ Բույսեր
Զիվան կամ ղանթափա (լատ.՝ Cephalaria), ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձր, մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի)։ Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական։ Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է։ Ծաղիկները դեղնավուն են կամ երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է։
Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ։ Չոր ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շնչառական օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոցներ։
Տարածում
Զիվան Նախիջևանին (C. nachiczevanica) հանդիպում է միայն Վայոց ձորի մարզում (Ջերմուկ քաղաքի շրջակայքում)՝ կաղնու անտառների խոտածածկ թեք լանջերին, սորուն ավազոտ վայրերում, միջին և վերին լեռն, գոտիներում, զիվան Չիխաչովի (C. tchihatchewii)՝ Արագածոտնի (Արտենի լեռան վրա) և Սյունիքի (Շիկահողի արգելոցում) մարզերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Տեսակներ
Հայտնի է 60, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ զիվան հայկական, (C.armeniaca), զիվան հսկայական (C. giganthea), զիվան Կոչիի (C. kotshyi), զիվան բարձր (C. procera), զիվան տրանսիլվանյան (C. transisylvanica) և այլն։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին։ Հաճախ առաջացնում է թփուտներ։