Շերեփուկախոտ. ՀՀ Բույսեր

Շերեփուկախոտ (լատ.՝ Potamogeton), գետաբույս, ջրահասկ, շերեփուկախոտազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի երկարությունը 2-3 (6) մ է։ Տերևները տարբեր ձևերի (թելանմանից մինչև լայն էլիպսաձև) են, ստորջրյաները՝ թաղանթային, թափանցիկ, լողացողները՝ կաշեկերպ, ամուր։ Ծաղկաբույլը հասկանման է, ջրի մակերեսին, ծաղիկները՝ մանր։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտղիկները 1-4 կորիզապտղիկներ կամ ընկուզիկներ են։ Բազմանում է գեներատիվ և վեգետատիվ ճանապարհներով։ Շերեփուկախոտի բուսուտները ձկների համար ձվադրման և սնման վայրեր են։

Տեսակներ

Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

  • շերեփուկախոտ լողացող (լատ.՝ Potamogeton natans),
  • շերեփուկախոտ փայլուն (լատ.՝ Potamogeton lucens),
  • շերեփուկախոտ սանրավոր (լատ.՝ Potamogeton pectinatus),
  • շերեփուկախոտ հանգուցավոր (լատ.՝ Potamogeton nodosus),
  • շերեփուկախոտ ալպիական (լատ.՝ Potamogeton alpinus) և այլն։

Տարածում

Տարածված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերի, Երևանի շրջակայքի դանդաղահոս և լճացած ջրերում, լճերում, ջրամբարներում և այլն։

Նշանակություն և կիրառում

Շերեփուկախոտը կարգավորում է ջրավազանների թթվածնային ռեժիմը, նպաստում տիղմի առաջացմանը։ Կարելի է օգտագործել նաև որպես գեղազարդիչ (պարտեզագործությունում) և ակվարիումային բույս։ Շերեփուկախոտ մազանմանը (լատ.՝ Potamogeton trichoides) հանդիպում է կանգնած և դանդաղահոս գետերում (Երևան, գ. Փարաքար), բազմանում է առավելապես վեգետատիվ ճանապարհով, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Շերեփուկախոտներրի տեսակները գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Դրանք մեծ քանակություններով պարունակում են կիր, որի համար էլ օգտագործվում են որպես պարարտանյութեր։ Շերեփուկածոտներով սնվում են ջրային խխունջները, միջատները և ձկները։

Շերեփուկախոտների որոշ տեսակներ կեր են ծառայում ջրլող թռչունների, մշկամկների և կուղբերի համար։ Ավելի հաճախ դրանք ծառայում են ոչ թե որպես սնունդ, այլ որպես գաստրոլիտներ։

Շերեփուկախոտների մասայական տարածումը խոչնդոտում է փոքր նավերի շարժմանը, և նպաստում է ջրամբարնների ճահճացմանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում