Ցաքի. ՀՀ Բույսեր
Ցաքի (լատ.՝ Paliúrus), ժանտափուշ, փշենի, շապան, դժնիկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։
Հայտնի է 8, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ցաքի փշոտ (P. spina- christi)։
Տարածում
Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, հազվադեպ՝ միջին լեռնային գոտիներում (800-1200, հազվադեպ՝ 1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ, լավ լուսավորված թեքությունների վրա, ստեղծում անանցանելի թփուտներ։
Կենսաբանական նկարագիր
Առատ ճյուղավորվող, փշոտ թուփ է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հերթադիր են, կլորավուն, ձվաձև, կաշեկերպ, փայլուն, կարճ տերևակոթուններով։ Ծաղկաբույլը տերևանութային է, ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնականաչավուն։
Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը չոր կաշենման է, պարունակում է 3 սերմ։
Քիմիական կազմ
Երիտասարդ ճյուղերը և պտուղները պարունակում են ալկալոիդներ, տերևները՝ E խմբի վիտամիններ, պտուղները, կեղևը և երիտասարդ ճյուղերը՝ աղաղանյութեր։ Արմատների և տերևների պատրաստուկները միզամուղ են։
Նշանակություն
Ցաքի օգտագործում են անանցանելի, փշապատ ցանկապատներ ստեղծելու համար։