Էֆեդրա. ՀՀ Բույսեր

Էֆեդրա, սարի չամիչ, լեռնաչամիչ, (լատ.՝ Ephedraceae), գնետայինների (Gnetopsida) դասի բույս, հանդիսանում է էֆեդրայիննների (Ephedrales) կարգի և էֆեդրազգիների/սարիչամիչազգիների/լեռնաչամիչազգիների (Ephedraceae) ընտանիքի միակ ցեղը։ Էֆեդրան երկտուն, հազվադեպ՝ միատուն, մշտադալար ծառ կամ թուփ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Ծաղիկները միասեռ են, առէջքայինները կամ սերմնաբողբոջները այդ դեպքում երկտուն են կամ հազվագյուտ դեպքում՝ միատուն։ Փոշանոթը երկբուն է կամ 3-4 բնանի։ Առէջները 3-8 հատ են։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

սովորական (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին լեռնային գոտում)
բարձր (Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերի ստորին ու միջին լեռնային գոտիներում):
Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20-100 սմ): Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզը): Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման։ Ծաղկում է ապրիլ–հունիսին։

Տարածում

  • Ռուսաստանի հարավային մասում և արևմտյան Սիբիրում հանդիպում է Ephedra distachya L. տեսակը։
  • Հարավային Կովկասի լեռներում հանդիպում է Ephedra major Host (հոմանիշ Ephedra procera Fisch. & C.A.Mey.):

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր։ Էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի ժամանակ։

Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում