Կծվիչ սովորական. ՀՀ Բույսեր

Կծվիչ սովորական (լատ.՝ Armoracia rusticana) (ժախուկ, խրեն, կծվիչ, կրեն, քթառ), կաղամբազգիների կամ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 100 սմ բարձրության, տերևակալած ցողունով բազմամյա խոտաբույս։ Ունի հողի մեջ խոր թափանցող մսոտ, սպիտակ արմատներ, խոշոր ու լայն, նշտարաձև, ալիքաեզր, արմատամերձ տերևներ։ Ծաղիկները մանր են ու սպիտակ, պտուղը կլոր, երկբուն պատիճ է։ Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածումը Հայաստանում

Մեզ մոտ աճում է միայն 1 տեսակ (սովորական կծվիչը), որը որպես մոլախոտ աճում է գետեզրերին, թաց մարգագետիններում, տնամերձ հողամասերում և այլուր` հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բազմանում է արմատաշիվերով։ Պահանջկոտ չէ լույսի և ջերմության նկատմամբ, աճի համար նախընտրում է ավազահումուսային հողերը։

Քիմիական բաղադրություն

Արմատը պարունակում է սպիրտներ, մինչև 16,3% շաքար, օսլա, խեժանյութ, գլիկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Վերջինս` ազդելով գլիկոզիդի վրա, առաջացնում է գլյուկոզա, ծծմբակալիումական թթու աղ և ալլիլ-մանանեխային եթերայուղ։ Վերջինով էլ պայմանավորված է կծվիչի սուր համն ու հոտը։ Արմատում հայտնաբերված են նաև մինչև 171 մգ% C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, քիմիական տարրերից` Na, K, Ca, P, Fe, ալկալոիդների հետքեր, մեծ քանակությամբ լիզոցիմ։ Տերևները պարունակում են մինչև 526 մգ% C վիտամին, ֆիտոնցիդներ, ալկալոիդների հետքեր։ Կալիումական և երկաթային աղերի պարունակությամբ կծվիչը գերազանցում է այնպիսի բանջարաբույսերին և մրգերին ինչպիսիք են` լոլիկը, սամիթը, լոբին, սոխը, սխտորը, գազարը, կարտոֆիլը, բալը, նարինջը, կիտրոնը, մանդարինը և այլն։

Բուժական նշանակություն

Բուժման նպատակով գլխավորապես օգտագործում են բույսի արմատները, որոնք աշնանը բահով հանում են և հողոտ վիճակում պահում նկուղում` ավազի մեջ` 7-8 ամիս։ Կծվիչը ` որպես համեմունք` ունի կիրառման շատ հին պատմություն։ Դեռևս մեր թվարկության առաջին դարերում Միջերկրականի ծովամերձ երկրներում այն լայնորեն օգտագործվել է մսեղենը և ձկնեղենը համեմելու համար, իսկ ավելի ուշ` օգտագործվել է նաև որպես դեղաբույս։ Հնդկաստանում կծվիչը դեռևս շատ հնուց օգտագործել են որպես օրգանիզմի ուժերը խթանող, միզամուղ և գոտկացավերի դեպքում` որպես փարատող միջոց։ Դեղաբույսի մասին 1785 թվականին ուշագրավ տվյալներ է տալիս ռուս խոշոր կլինիցիստ Ն. Մ. Ամբոդիկ-Մաքսիմովիչը։ Նա նշում է, որ բույսը թարմ վիճակում ունի ախորժակը գրգռող հատկություն, միզամուղ է, արյան շրջանառությունը կարգավորող, արյունը մաքրող։ Նա բույսի արմատը և նրա թարմ հյութը առաջարկել է որպես գերազանց օգտակար միջոց լնդախտի, ջրգողության, քարային հիվանդության, հազի և դաշտանի հապաղման ժամանակ։ Որպեսզի չգրգռի ստամոքսը` արմատը ընդունելիս, նա առաջարկում է այն կուլ տալ դեղահատերի նման մանրացրած ձևով` վրայից ըմպելով գիհու պտուղների թուրմ կամ խաղողի հյութ կամ էլ` շաքարաջուր։ Ցրտառական հիվանդությունների ժամանակ առաջարկվում է արմատախույսը քսել նրբաններին` մանանեխի ծեփուկների սկզբունքով։

Հայրենական ժողովրդական բժշկության մեջ թարմ արմատը և նրանից ստացվող հյութը համարվում են որպես ախորժակը լավացնող, միզամուղ, հակալնդախտային և խուխամուղ։ Արմատի շփոթը` որպես վարատող և գրգռիչ միջոց, իր ազդեցությամբ չի զիջում մանանեխին և կիրառվում է քսման ձևով ռադիկուլիտների, գոտկացավերի, տարբեր տեսակի մկանացավերի դեպքերում և այլն։ Հակալնդախտային հատկությամբ օժտված են նաև տերևները։ Արմատի թարմ հյութը և ջրաթուրմը դրական արդյունք են տալիս հեպատիտների, թերսեկրետոր գաստրիտների, պոդագրայի, ռևմատիզմի, վերին շնչուղիների կատառի, ցիստիտների, լվացման ձևով` թարախավերքերի, ողողման ձևով` ստոմատիտների, ատամնացավի և անգինայի, ներլվացման ձևով` տրիխոմոնադային կոլպիտների ժամանակ։ Գիտականորեն հաստատված է կծվիչի մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ազդեցությունները։ Ջրիկ մզվածքը իջեցնում է արյան ճնշումը, բուժում սնկային հիվանդությունները։

Դեղաբույսը օֆիցինալ է Ֆրանսիայում։ Այն լայն կիրառում ունի նաև հոմեոպաթիայում։ Շնորհիվ արմատում պարունակվող մեծ քանակի լիզոցիմի` մաքուր հյութով կամ ջրաթուրմով լվանում են թարախային վերքերը, կաթեցնում ականջը` թարախային օտիտի և լվանում երեսը` պիգմենտային բծերի ու պեպենների ժամանակ։ Լիզոցիմը վաղուց հիմնավորվել է բժշկության պրակտիկայում որպես լայն մասշտաբի ներգործող հակամիկրոբային միջոց։ Արմատի պատրաստուկները ոչ միայն մաքրում են դեմքը բծերից ու պեպեններից, այլև դեմքին տալիս են փափկություն և սպիտակություն, ողողումից ախտահանվում և թարմանում է բերանի խոռոչը, իսկ որպես ընդհանուր կազդուրիչ միջոց առաջարկվում է պարբերաբար ընդունել ճաշի հետ` մտավոր և ֆիզիկական ծանր աշխատանքի պայմաններում։

Ըստ Ս. Ի. ԷՆդելշտեյնի, արմատահյութը` մաքուր կամ ջրով նոսրացրած վիճակում, ինհալացիայի ձևով դրական է ազդում վերին շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ։ Վ. Շյոնենբերգերի տվյալներով արմատից ստացվող եթերայուղն աշխուժացնում է օրգանիզմի արյան և այլ հյութերի շրջանառությունը, լայնացնում երիկամների անոթները, լավացնում լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները, ախորժակը և ընդհանուր մարսողությունը։ Իզուր չէ, որ հեղինակը կծվիչը անվանում է բանջարանոցային պենիցիլին` շնորհիվ նրա հակաբիոտիկային հատկության, մի հատկանիշ, որը դրական է անդրադառնում մի շարք բորբոքային պրոցեսների վրա: Հեղինակի տվյալներով, դեղաբույսը ուժեղ ախտահանիչ է և միաժամանակ արդյունավետ է ներգործում պոդագրայի, ռևմատիզմի և մի շարք այլ բնույթի հոդային ախտահարումների ժամանակ: Փորձերով պարզվել է, որ արմատից ստացվող ալլիլ-մանանեխային յուղը առաջ է բերում մաշկի հիպերեմիա և այրող ցավ, իսկ երկարատև ազդման դեպքում` նույնիսկ այրվածք և հյուսվածքների մեռուկացում։ Յուղի գոլորշին առաջ է բերում ուժեղ հազ, արցունքահոսություն, փոքր դոզաներով` գրգռում է ախորժակը և ուժեղացնում ստամոքսաաղիքային տրակտի գեղձերի հյութազատությունը, մինչդեռ մեծ դոզաները կարող են առաջ բերել սուր գաստրոէնտերիտ։

Կիրառման եղանակներ

Արմատի քերուկը կարելի է քսել կտորին և սպեղանու ձևով դնել մաշկին` ռադիկուլիտի և գոտկացավերի ժամանակ։ Արմատի շփոթը օգտագործվում է նաև կոմպրեսի, թրջոցալաթի, լվացումների և ողողումների ձևով։

Այլ օգտակար հատկանիշներ

Ծովաբողկը հիանալի համեմունք է մսեղեն, ձկնեղեն և այլ տեսակի ճաշերի մեջ։ Ինչպես արմատը, այնպես էլ տերևները, օգտագործում են վարունգի, լոլիկի, սնկի և այլ մթերքի թթուների մեջ որպես կոնսերվանտ և համեմիչ։ Ռուս ժողովուրդը հացի և ճաշի հետ օգտագործում է կծվիչի արմատի, սխտորի և լոլիկի խառնուրդը` 1։3։30 հարաբերությամբ։ Այս խառնուրդը` մսաղացով անցկացնելուց հետո, լցնում են ամանների մեջ, փակ վիճակում պահում սառը տեղ, ապա օգտագործում որպես ախորժակը գրգռող միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում