Գնարբուկ. ՀՀ Բույսեր

Գնարբուկ (Primula L.), Հայկական տարանունները - գարնանածաղիկ, մգինարբուկ, թավրնջուկ, լախ-լախ, կովածաղիկ, կովացնծուկ, սոսուն:

Դեղաբույսի նկարագրությունը

(լատ.՝ primula)։ Գնարբուկազգիների ընտանիքի բույս։ Տերևներն արմատամերձ են, ծաղիկները երկսեռ՝ կանոնավոր հավաքված հովանոցավոր կամ գլխիկավոր ծաղկաբույլում։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է ավելի քան 500 տեսակ՝ տարածված Եվրոպայի ու Ասիայի բարեխառն շրջաններում և լեռների ալպիական գոտում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 67 տեսակ, իսկ 13 տեսակ` ՀՀ-ի անտառային և վերին լեռնային գոտում։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։ Հանդիպում է ամենաբազմազան գունավորումներով։ Հայտնի են նաև այս ծաղկի լիաթերթիկ ձևերը։ Մեր հանրապետությունում աճում են միայն 13-ը՝ անտառային և վերին անտառային գոտիներում, բացատներում, հովիտներում, այգիներում, ճամփեզրերին և այլուր:

Քիմիական բաղադրությունը

Ծաղիկները պարունակում են սապոնիններ, ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, ֆլավոններ, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում բացի վերոնշյալ բացադրիչներից կան նաև դաբաղանյութեր։C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է մինչև 1000-1713մգ%-ի։ դեղաբույսը հարուստ է մանգանով:

Բուժական նշանակությունը

Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը։ Ծաղիկները և տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատը և կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը։ Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում։ Նրա պիտանելիությունը 2 տարի է։ Ծաղիկների եփուկը կիրառվում է նյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ։ Որպես խուխամուղ այն լայն կիրառում ունի բրոնխիտների, թոքաբորբերի, կապույտ հազի, բորնխիալ ասթմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն։

Այլ օգտակար հատկանիշները

Բույսի տերևներից պատրաստում են սալաթ, որն ունի դուրեկան համ և հոտ, օգտակար է հատկապես C հիպովիտամինոզի ժամանակ, իսկ արմատը, որն ունի անիսոնի հոտ, օգտագործվում է որպես համեմունք: Տերևները կարող են ծառայել նաև որպես թեյի փոխարինիչ։ Գնարբուկը նեկտարատու է, միաժամանակ՝ կերախոտ, պուրակները, ծաղկաթմբերը և մայթեզրերը գեղազարդող ծաղկաբույս։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում