Այգածաղիկ. ՀՀ Բույսեր
Այգածաղիկ (լատ.՝ Ipomoea), ցայգածաղիկ, պատատուկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, թփերի, հազվադեպ՝ ջրային բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում մշակության մեջ՝ այգածաղիկ ծիրանագույնը (I. purpurea), որն ունի բազմաթիվ տարատեսակներ։
Արտաքին կառուցվածք
Փաթաթվող կամ փռվող բույս է, բարձրությունը՝ մինչև 3 մ։ Տերևները հասարակ են, սրտաձև, ձվաձև, փետրաձև, ամբողջական կամ մատնաձև բլթակավոր։ Ծաղիկները մեկական են, ձագարաձև, ագիտակ, վարդագույն, կարմիր, մանուշակագույն, կապույտի գրեթե բոլոր երանգներով։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Ծաղիկները բացվում են վաղ առավոտյան և երեկոյան ժամերին։ Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ բաց դեղնավուն կամ սև, եռանկյունաձև։
Նշանակություն
Որոշ տեսակներ դեղաբույսեր են օրինակ՝ այգածաղիկ լուծողականը (I. pyrga)։ Սննդի մեջ օգտագործում են այգածաղիկ ջրային (I. aquatica) և այգածաղիկ բատատ (բատատ) (I. batatus) տեսակները։ Վերջինս հարուստ է օսլայով և կոչվում է քաղցր կարտոֆիլ։