Զանգակ. ՀՀ Բույսեր

Զանգակ (լատ.՝ Campanula) , զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևներն ամբողջական են, հերթադիր կամ վարդակավոր։ Ծաղկաբույլը ողկուզաձև է, հուրանանման, վահանաձև կամ գլխիկանման, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, հազվադեպ՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն, ձուլաթերթ, զանգականման։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), կաուչուկանման նյութ և այլն, կան նաև մոլախոտեր և կերաբույսեր։ Եղազարդիչ է և մեղրատու։

Տարածում

  • Զանգակ միամյան (C.erinus) Սյունիքի մարզում հազվադեպ հանդիպող տեսակ է, աճում է ստորին լեռնային գոտու կրաքարային ժայռերի վրա։
  • Զանգակ Կարակուշին (C. karakuschensis) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում՝ ստորին լեռնային գոտուց մինչև վերին լեռնայինը (2900-3000 մ բարձրություններում), կրաքարային ժայռերի վրա, ճեղքերում։
  • Զանգակ Մասալսկուն (C. massalskyi) Հայկական լեռնաշխարհի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արագածոտնի մարզում (Արտենի), աճում է ժայռերի վրա։

Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Մշակում

Մշակվում է կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք ջրի մեջ դիմանում են 10-12 օր։ Լավ է ծաղկում ջերմատներում՝ թաղարների մեջ կամ դարակների վրա։ Օգտագործվում է նաև միքսբորդերների, ղևանդների և խմբավորումների համար։ Տնկումը կատարվում է արևոտ, լուսավոր հողամասերում, չնայած որ վատ չի զգում նաև կիսաստվերում։ Սովորաբար տնկում են բույսերից 30-35 սմ հեռավորության վրա։ Նախընտրում է պարարտ սննդանյութերով հարուստ հողերը։ Պահանջկոտ է նաև խոնավության նկատմամբ։ Բազմացվում է գլխավորապես սերմերով, իսկ բազմամյաները նաև թփիկների բաժանումով և արմատածիլերով։ Ցանկը ջերմատներում կատարվում է գարնանը՝ ցանկարկղերի մեջ կամ ուղղակի տաք ջերմոցի գրունտում։

Սերմերը փոքր են, տարբեր ձևերի և գույների, տափակ, օվալաձև, գորշ-դարչնագույն և բաց դեղնագույն։ Մեկ գրամում C.carpatika-ն պարունակում են մոտավորապես 13.000 սերմնահատիկ, իսկ C.medium-ը՝ 5000 հատիկ։ Ծլում են 10-15 օրում, ծլունակությունը պահպանում է 3 տարի։

Տեսակները

Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ զանգակ Ձանգեզուրի (C. zangezura), զանգակ Բայերնի (C.bayemiana), զանգակ եռատամ (C. tridentata), զանգակ լայնատերև (C. latifolia) և այլն։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ վայրերում, բարձրլեռնային զանգվածներում առաջացնում ալպյան գորգեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում