Ուղտափուշ. ՀՀ Բույսեր

Ուղտափուշ (լատ.՝ Alhagi), արաք, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • ուղտափուշ սովորական (G. pseudoalhagi)
  • ուղտափուշ պարսկական (G. persarum)։

Տարածված է Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում։ Աճում է անմշակ հողերում, աղուտներում, մշակովի ցանքերում՝ որպես չարորակ մոլախոտ։

Կենսաբանական նկարագիր

Արմատային համակարգը հզոր է (առանցքային արմատը կարող է հողի մեջ խորանալ մինչև 18-20 մ)[1]։ Ցողունն ակոսավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-90 սմ։ Ամբողջ բույսը պատված է բզանման փշերով, որոնք ամռան վերջին փայտանում են։

Տերևները պարզ են, երկարավուն, հերթադիր, նշատարձև կամ օվալաձև։ Ծաղիկները կարմիր են կամ վարդագույն՝ նստած տերևանութևերի փշերի վրա։ Ծաղկում է հունիսի սկզբին։

Պտուղը համրիչանման չբացվող ունդ է։ Սերմերը (4-5 հատ) երիկամաձև են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն, կամ փայլատ մակերեսով։

Տարածում

Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանում և Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում։

Աճում է չոր տափաստաններում, կավահողերում, անապատներում, գետաբերաննեում, ջրանցքերում։

Քիմիական կազմ

Ուղտափուշ պարսկականն արտադրում է հատիկների ձևով չորացող սոսնձանման շաքարային հեղուկ (մանանա)։ Ուղտափուշ պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, վիտամիններ C, K և այլն։

Կիրառություն

Պատրաստուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող միջոց։ Մեղրատու և կերային (ուտում են ուղտերն ու ավանակները) բույս է։

Թուրմերը, եփուկները, կամ թարմ հյութը օգտագործում են ստամոքսի, աղիքային հիվանդությունների, հիմնականում քրոնիկ փորլուծություն և դիզենտերիայի բուժման նպատակով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում