Տատաշ. ՀՀ Բույսեր
Տատաշ, սառնենի, միջօրածաղիկ (լատ.՝ Tribulus) զուգատերևազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Տատաշ փռվող (լատ.՝ T.terrestris)։
Տարածում
Տարածված է Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ճամփեզրերին, չոր վայրերում, ավազուտներում, աղբոտում ցանքերը։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը խիտ ճյուղավորվող է, փռվող, երկարությունը՝ 10-60 սմ։ Տերևները զույգփետրաձև են, հակադիր, մանր, թավոտ։ Ծաղիկները տերևանութային են, դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։
Պտուղը հնգանիստ, փշոտ ելուստներով ընկուզիկ է։ Սերմերը հակադիր են, ձվաձև, կնճռոտ, փայլուն։
Քիմիական կազմ
Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C։ Տարածված մոլախոտ է։