Քրիզանթեմ. ՀՀ Բույսեր
Քրիզանթեմ (լատ.՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Կենսաբանական նկարագիր
0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։
Կիրառություն
Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։
Հնդկաստանում, Չինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։
Տարածում
Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ ՀՀ-ում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։