Թավշածաղիկ. ՀՀ Բույսեր

Թավշածաղիկ կամ մախմրի ծաղիկ (լատ.՝ Tagetes), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։

Նկարագրություն
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։

Նշանակություն և կիրառում
Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ` որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։ Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։

Բժշկության մեջ
Բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։

Տեսակներ
Հայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ կանգուն (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում